Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում հիմնել Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։ Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից։
«Մենք տեսնում ենք, որ գերտերությունների շահերը շատ արագ եւ շատ ինտենսիվ զարգանում են ու, բնականաբար, նաեւ բախվում են միմյանց։ Սա մենք պետք է դիտարկենք տարածաշրջանում գերտերությունների ազդեցության, մրցավազքի համապատկերում։ Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարությունը անմիջապես հաջորդեց Կապանում Իրանի հյուպատոսության բացմանը, եւ բնականաբար դա ուղերձ է ոչ այնքան Հայաստանին, որքան Իրանին, Ռուսաստանին, այլ մեծ տերություններին»,-ասաց թուրքագետը։
«Հյուպատոսության օգտակարությունը, կարելի է ասել, զրոյական է, որովհետեւ հյուպատոսությունը զբաղվում է քաղաքացիների հարցերով, իսկ օկուպացված տարածքներում, այդ թվում եւ Շուշիում՝ չեմ կարծում, թե այն քանակությամբ Թուրքիայի քաղաքացիներ կան, որ կարիք կա հյուպատոսություն բացելու, որը պետք է զբաղվի նրանց տարատեսակ հարցերով։ Այսինքն, սա ուղղակի ներկայության ամրագրումն է եւ տարածաշրջանում ակտիվ ընթացքող գործընթացների, մրցավազքի հերթական դրսեւորումներից մեկը»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ