Վրացական Գորի քաղաքն ամենաշատ է տուժել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Քաղաքի ամբողջ երկայնքով անցնում է վրաց-օսեթական շփման գիծը: Չնայած այս հանգամանքին, Գորիում հակառուսական տրամադրություններն այդքան էլ մեծ չեն: Պատճառը, հիմնականում, խորհրդային ժամանակների կարկառուն գործիչ, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի՝ իրենց համաքաղաքացի լինելն է: Չնայած հետխորհրդային շրջանում «ժողովուրդների հոր» նկատմամբ հակասական, հիմնականում բացասական վերաբերմունքին, Գորիում Ստալինի մասին դեռ «ռոմանտիկ հիշողություններ» կան: Քաղաքում, մի քանի տեղում, նրա կիսանդրիները եւ արձանները պահպանվել են:
Տեղի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոշել են փոխել Գորիի մասին ավանդական պատկերացումները, քանի որ իրենց փնտրտուքներում բազմաթիվ բացահայտումներ են արել, որոնք քաղաքի պատմության համար ավելի բնութագրական կարող են լինել: Օրինակ, շուրջ 900 տարվա պատմություն ունեցով Վարձիա քարանձավային քաղաքը: Այն կառուցվել է 12-րդ դարում եւ պատմություններ կան այն մասին, որ Վրաստանի թատերական ողջ պատմությունը հենց այս շրջանի եւ այս քաղաքի հետ է կապվում: Ի սկզբանե մենաստանն ունեցել է 6000 սենյակ և 13 հարկ: Այժմ մնացել են 300 սենյակ և մի քանի սրահ:
Քաղաքի պատմությունը կերտելու այլ առաջարկներ էլ են հնչել: Գորիի նոր քաղաքապետը, նախընտրական շրջանում, մեծ տեղ է տվել այս նախաձեռնությանը, հայտարարել, որ ինքն էլ միանում է նախաձեռնությանը, բայց ինչպես սովորաբար լինում է ընտրական գործընթացներում, խոստումը հետո շատ արագ անտեսվել է:
Ամեն դեպքում, անգամ հիմա՝ 2008 թվականի պատերազմի արդյունքում ամենաշատը տուժելուց հետո, Գորիում Ստալինի պաշտամունքը բավական մեծ է ու պրոռուսական տրամադրությունները այս բնակավայրում, հենց դրանով են բացատրվում:
Կարդացեք նաև
Օսեթական հատվածում, ամենատուժած բնակավայրն Ախալգորին է. այն նույնպես գտնվում շփման գծում:
Շփման գծի աջ ու ձախ կողմերում եւ վրացական եւ օսեթական գյուղեր են, որտեղ մարդիկ ապրում են: Կան դեպքեր, երբ գյուղը բաժանվել է երկու մասի. մի մասը գտնվում է վրացական վերահսկողության, մյուս մասը՝ օսեթական վերահսկողության տակ: Գորիի տարածաշրջանի Խուրվալեթի գյուղը հենց այդպիսիններից է: Առավել զավեշտալի իրավիճակներ էլ կան, երբ մարդու բակն է կիսվել երկու մասի:
Մինչ 2008 թվականն այս բնակավայրերի բնակիչները ազատ տեղաշարժվում էին եւ հարեւանություն էին անում, մինչդեռ հիմա, սահմանի այս ու այն կողմերից միայն, այն էլ հեռավորության վրա, կարող են միայն լուռ հայացքներ փոխանակել: Սահմանը հատելը, միմյանց տեսակցելը հեշտ գործընթաց չէ, վերջին շրջանում ավելի է բարդացել. դա հնարավոր է դառնում միայն հատուկ դեպքերում եւ հատուկ ընթացակարգերով:
Վրաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայացուցչի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածություններ կան եւ ամեն ամսի 20-30-ը մարդիկ այսուհետ կկարողանան հատել սահմանը՝ տեսակցել միմյանց, առեւտուր անել եւ այլն:
Վրացական կողմը հավաստիացնում է, որ շփման գիծը անընդհատ «շարժվում» է, քանի որ հակառակ կողմը սողացող անեքսիա է իրականացնում՝ անընդհատ եւ քայլ-քայլ առաջ գալով: Շփման գծի որոշ հատվածներում, փշալարերը Վրաստանի գլխավոր մագիստրալից ընդամենը 200 մետր հեռավորության վրա են գտնվում: Վրացական կողմն, իհարկե, խնդիրն արծարծում է միջազգային հանրության առջեւ, բայց դատապարտումներից եւ տարատեսակ հայտարարություններից բացի՝ իրական արդյունք առայժմ չկա:
Իրենց բնակավայրերը հատելու, ապա վերադառնալու համար, մարդիկ ամեն օր ստիպված են լինում սահմանային անցակետերի հատուկ ռեժիմով անցնել:
Վրաց օսեթական շփման գիծը՝ վրացական Խուրվալեթի գյուղի հատվածից, տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Հայաստանցի լրագրողների այցը վրաց-օսեթական սահմանագիծ տեղի է ունեցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում: