Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերանայել նախագիծը». Քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հոկտեմբեր 21,2022 17:21

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել ԲԴԽ-ին գործերի բաշխման ցուցակից որևէ դատավորի անունը հանելու միջնորդությամբ՝ դրանով կախվածության մեջ դնելով դատավորին դատարանի նախագահի հայեցողությունից կամ որոշումից (անմիջականորեն դատավորի կողմից այս հարցը բարձրացնելու վերաբերյալ գործող կարգավորման փոխարեն)։ Ավելին՝ Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ն մասնագիտացված դատարանի դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի գործեր (Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետով), իսկ առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է ԲԴԽ-ն (նույն հոդվածի 7-րդ կետով) (նման կարգ գործում է քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների համար)։

Քննարկված կարգավորումների համատեքստում մեզ համար տարակուսելի է, թե մասնագիտացված դատարանների դատավորները ի՞նչ հիմնավորմամբ պետք է քննեն առանձին տեսակի գործեր, և ի՞նչ է ենթադրում առանձին տեսակի գործերի ցանկը։ Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է օրենսգրքում սահմանել հստակ և որոշակի չափանիշներ, որոնց հիման վրա հետագայում պետք է կատարվի գործերի բաշխումը։ Հակառակ դեպքում կա վտանգ, որ այս դրույթը կարող է բավականին տարածական մեկնաբանվել և կամայական կիրառվել պրակտիկայում։

Ուստի, պահանջում ենք վերանայել նախագիծը՝ հստակեցնելով դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31