Իրանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախապատրաստմանն ուղղված հետագա միջազգային համագործակցության հարցերը բավական հաջող են մշակվում։ Այս մասին այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն կազմով նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
«Մեր Միության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, և այս առումով, կարծում եմ, որ մենք կընդլայնվենք նոր անդամներով, միգուցե նախ որպես դիտորդ, իսկ գուցե նաև լիարժեք հիմունքներով»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ ՇՀԿ-ի կողմից ևս լուրջ հետաքրքրություն կա ԵՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության հարցում:
Միխայիլ Մյասնիկովիչը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության մասնակիցները կկարողանան արդյունաբերական վարկերի սուբսիդավորում ստանալ։ Նրա խոսքով, քննարկումների արդյունքում որոշվել է որպես նման սուբսիդիաների ֆինանսավորման աղբյուր ձևավորել ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհների և այլ տուրքերի 10 տոկոսից: «Ամեն տարի դրանք կազմում են 190-230 մլն. դոլար, այդ վճարների 10 տոկոսի (այսինքն` մոտ 20 մլն. դոլար) շնորհիվ հնարավոր կլինի համատեղ արտադրական նախագծերը սուբսիդավորել տարեկան առնվազն 300 մլն. դոլարով»,-ասաց Մյասնիկովիչը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետեր՝ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ