«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի՝ «Կոռնիձորի Արոյի» տվյալներով, սեպտեմբերի 13-14-ը թշնամին հարձակման ժամանակ օգտագործել է նաեւ քիմիական զենք:
«Թշնամին օգտագործում էր բայրաքթարներ, հեռահար հրթիռներ, շարժական ականանետեր, քիմիական զենքեր անմիջապես դիրքերի վրա: Կան արձանագրված բանավոր դեպքեր, որ տղաներն ասում են՝ երբ կրակեցին ինչ-որ բան դիրքերի վրա, թթվածինը չէր հերիքում, խեղդամահ էինք լինում: Այն տեսանյութը, որ ադրբեջանցիները տարածել էին, թե ինչպես են գնդակահարում մեր տղաներին ու զինվորների կողմից մահվան ճիչ նույնիսկ չէր լսվում, դա վկայում է, որ ինչ-որ x քիմիական նյութ են օգտագործել դիրքի վրա, որտեղ տղաները անջատված են եղել, թե նյարդային համակարգի առումով եւ չեն զգացել գնդակի անցումն իրենց մարմնով»,- Aravot.am-ին ասաց «Կոռնիձորի Արոն»:
Թշնամու վերջին հարձակումից հետո տարբեր տեղեկություններ են շրջանառվում մեր դիրքային կորուստների վերաբերյալ, ինչը պաշտոնապես ոչ հերքվում, ոչ հաստատվում է:
Ինչ կորցրինք մենք սեպտեմբերի 13-14-ը ընկած հատվածում: Մեր այս հարցին «Կոռնիձորի Արոն» դժվարանում է պատասխանել. «Թե մենք մեր դիրքերի քանի տոկոսն ենք կորցրել, տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել: Որովհետեւ հետ վերցրած բարձունքներ էլ ունենք, բայց որ ունենք հանձնած դիրքեր, դա պարզ է, չնայած որ կորցրած դիրքերի կեսից ավելին հետ ենք բերել: Մնացած դիրքերը չկարողացանք հետ բերել ուժերի անհավասար լինելու եւ ռազմական իրավիճակի թելադրանքով: Այսինքն՝ երբ ուժերդ չեն հերիքում, փորձ անում ես, բայց չի ստացվում, չնայած որ հակագրոհի ժամանակ թշնամին տվեց բազում զոհեր: Հաստատ եղան օպերացիաներ, որ մերոնք հետ վերցրին ինչ-որ դիրքեր: Հիմա սահմանների վրա մեր ունեցած պոտենցիալ հնարավորությունների սահմաններում կատարվում են շինաշխատանքներ, հանձնարարականները տրված են բոլոր պատասխանատու հրամանատարներին, որոնք պատասխան են տալիս եղած դիրքերի համար, որտեղ կանգնած է հայ զինվորը, կամավորականը, ազատամարտիկը, նույնիսկ գյուղացին: Բոլոր տեղերում եղածի սահմաններում, չեմ ասում շատ Սպարտային, ինչպես Բաքվի շինություններն են կառուցվում, բայց մերոնք նույնպես աշխատում են: Մենք 6-7 անգամ պահանջված անվադողերը ուղարկել ենք, շպալներ ենք ուղարկել։ Հիմա տղաները քարեր են ուղարկում, ով որտեղ ոնց կարողանում է ձեռքը հասցնի, մինչեւ մեր ընկեր հնդիկները հեռահար բմբուլները կուղարկեն մեզ, եւ մենք զինվածության առումով կկազմենք հակառակորդի ունեցած զինվածության գոնե կեսի չափը, այդ ժամանակ թող հակառակորդը դուխ անի մեզ հետ նորից բախման գնալ: Ռուս-թուրք- ադրբեջանական տանդեմը լավ գիտակցում է, որ երբ մենք 1/10, նույնիսկ 1/50-ի հարաբերակցությամբ զինվածության տարբերություն ունենանք, հաղթանակը մերն է: Եթե կարողացանք դատարկ ձեռքերով 44 օր դիմակայել աշխարհի նենգ հարձակումներին, ռազմական տեռորիզմին, ունենալու դեպքում կլինի ճիշտ հակառակ գործընթացը: Թշնամին որտեղ չի կարողացել նվաճել, նվաճել են բայրաքթարի ճշգրիտ հարվածով՝ ոչնչացնելով կենդանի ուժը, վերցրել են դիրքերը: Նույնը մեր լուսահոգի Սուսաննայի պարագայում, նույն մյուս մեր զոհվածների պարագայում:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին՝ գիշերը 00:01-05 ընկած ժամանակահատվածում, կուտակված ուժերով հակառակորդը հարձակվեց մեր դիրքերի վրա: Ի տարբերություն նախկինում ունեցած մեր խայտառակ պարտությունների, երբ մեր տղաները դիրքեր էին լքում, դիրքերից էին փախնում, այս ժամանակ մեր զինվորը կանգնեց ու մարտնչեց: Արձանագրվեցին դեպքեր, երբ տղաները, մեկը մյուսի հետ երդում տված, դիրքերում նռնակներն իրենց վրա պայթեցրին, որ հակառակորդին իրենց կենդանությամբ դիրքեր չտան ու չնահանջեն»:
Այն, որ թշնամու սեպտեմբերյան հարձակումից հետո Ջերմուկը շատ խոցելի է դարձել, չի հերքում նաեւ մեր զրուցակիցը. «Ջերմուկը թշնամին կարող է ռմբակոծել ոչ միայն դիրքերից, այլեւ իր ձեռքի տակ ունեցած հեռահար հրթիռներով մինչեւ 35-350 կմ: Մենք ավելի շատ Երեւանից պետք է վախենանք, որ իրենք Երեւանին կխփեն, իրենք ունեն հեռահար հարձակման այդ հնարավորությունը: ՀՀ պաշտպանության մասին պետք է մտածենք: Չգրված պատերազմական օրենք կա՝ ինչքան սկսում են բանակցությունները, այնքան թեժանում են ռմբակոծությունները: Բայց միջազգային հանրության ակտիվ միջամտությունը, որն արդեն երեւաց ԵԽ կողմից եւ տեգոր կնկա կարգավիճակով հայտնված ՀԱՊԿ խորհուրդը , որ ինչ-որ բաներ է ուզում նախաձեռնել, ակնհայտ է՝ գործընթաց է փոխվում ընդդեմ Ադրբեջանի, խնդիրը դրված է , որ զորքերը հետ քաշեն ՀՀ պետական սահմաններից, ինչը նախկինում չի եղել »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ