Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման, Արցախի կարգավիճակի առնչությամբ Ռուսաստանից և ԱՄՆ-ից փրկաբեր հույսով օգնության սպասող մեր հայրենակիցներին.
17.11.2020թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի կարգավիճակի մասին և բառացի ասել հետևյալը. «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել: Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, դա պետք է որոշեն ապագայում, կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները։»:
17.10.2022թ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բառացի ասել հետևյալ. «Այո՛, Ադրբեջանը հանրապետություն էր, բայց Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր և դա էլ պետք է շարունակվի: Այսինքն՝ Ադրբեջանը, որպես խաղաղության համաձայնագրի մաս, անդամ պետք է հասկանա, որ Արցախը կարգավիճակ ունի և պետք է դրան ինչ-որ ինքնավար կարգավիճակ հաղորդի հայկական մշակույթը և մարդկանց այնտեղ պահպանելու համար ընդհանրապես համաձայնագրի տիրույթում:»:
Մեջբերումներից պարզ է դառնում, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումը կոնֆլիկտի կարգավորումը հետաձգելն է, իսկ ԱՄՆ-ի մոտեցումը՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելը:
Կարդացեք նաև
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ.
Մենք պետք է դուրս գանք մեր խնդիրները այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից: Մեր խնդիրները պետք է լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով:
Նկատի առնելով, որ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը հրաժարվում է ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արցախի հայությունն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Անկախության ճանաչումից անմիջապես հետո Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը:
Ստեփան ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ