Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության չեմ պատկերացնում». Արցախի նախագահ

Հոկտեմբեր 21,2022 15:06

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում գնահատելով ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում ՝ նշեց․ «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի Դաշնությանը՝ նախագահի գլխավորությամբ, որ կանխել են պատերազմի շարունակությունը, որը մեզ համար շատ ավելի անդառնալի հետեւանքներ կարող էր ունենալ, եւ համարյա երկու տարի է՝ մեր երկիրը զարգանում է։ Կարողացել ենք մեր տեղահանվածների մի մեծ մասին բերել Արցախ։ Այսօր ակտիվ բնակարանաշինություն, տնտեսական ծրագրեր են իրականացվում։ Չեմ ուզում անդրադառնալ ցուցանիշներին, բայց շուտով հասնելու ենք նախապատերազմյան մեր բոլոր ցուցանիշներին։ Ունենք նաեւ ծնելիության բավարար մակարդակ»։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց․ «Ընդհանուր առմամբ Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության՝ թե որպես խաղաղապահ զորակազմ, թե այլ առաքելություն, չեմ պատկերացնում․․․Մանավանդ այս վերջին աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, որոնց հետեւում եմ։ Իհարկե, մեզ համար անկախությունն է գլխավորը, ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց առանց Ռուսաստանի Դաշնության երաշխավորության ես չեմ պատկերացնում Արցախի ապագան։ Այստեղ կարող է հարց առաջանալ՝ Հայաստանի Հանրապետության դերակատարությունը եւ այլն․․․Նախկինում եւ Արցախի, եւ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում էին, թե Արցախի Հանրապետության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, բայց ցավոք, այժմ կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան չէ։

Կոնֆլիկտը շատ ավելի խորն է։ Մենք պետք է գիտակցենք՝ կա Շուշիի դեկլարացիա, Ադրբեջան-Թուրքիա, եւ 44-օրյա պատերազմից Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում շատ ավելին է, քան եղել է մինչ պատերազմը։ Դրա համար ոչ միայն ՌԴ-ի կողմից խաղաղապահ առաքելություն ենք պատկերացնում, այլ նաեւ ավելի վստահելի երաշխիքներ ենք ակնկալում ՌԴ-ի կողմից։ Իհարկե, ողջունում ենք նաեւ միջազգային հանրության ակտիվությունը, բայց Արցախի ապագան առանց ՌԴ երաշխավորության ես կասկածի տակ եմ տեսնում»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31