Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն լրջորեն պաշտպանում է իր անդամներին՝ էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից. Միշուստին

Հոկտեմբեր 21,2022 14:36

Եվրասիական տնտեսական միությունն իր անդամներին պաշտպանում է էներգակիրների գների չհիմնավորված ուռճացումից, այս մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ մեր միությունը լրջորեն պաշտպանում է իր անդամներին՝ էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, ինչպես նաև նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշմարտացիությունը»,- ասաց նա։

The extended-format session of the Eurasian Intergovernmental Council took place at Dvin Hotel Complex of Yerevan, Armenia

Ինչպես նշեց ՌԴ վարչապետը, ԵԱՏՄ երկրների համար շարունակում է կարևորագույն հարց մնալ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը։ Նրա խոսքով՝ երբ ԵԱՏՄ երկրները 10 տարի առաջ պայմանավորվում էին կազմավորման մասին, քչերը կարող էին ենթադրել, թե ամբողջ աշխարհի սպառողները գների ինչ աճի կբախվեն։

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալներին, Միշուստինը հայտարարեց, որ 2021 թվականին դրանք հասել են պատմական առավելագույնին։ Անցյալ տարի այդ ցուցանիշը գերազանցել է 73 մլրդ դոլարը։ Այն գրեթե մեկ երրորդով ավելի է 2020 թվականի ցուցանիշից։ Փոխադրումների ընդհանուր քաշն աճել է 11 տոկոսով։ Գյուղատնտեսական ապրանքների առևտրի աճը կազմել է մոտ 21 տոկոս։

Նրա խոսքով, ռուսական ռուբլին մնացել է հիմնական հաշվարկային արժույթը ԵԱՏՄ տարածքում, դրան բաժին է ընկել վճարումների մոտ 72 տոկոսը։ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` ՀՆԱ-ն գերազանցել է 1 տրլն դոլարը։ Հիմնական կապիտալում ներդրումներն աճել են ավելի քան 6,5 տոկոսով, իսկ շինարարության ծավալները՝ 3,5 տոկոսով։

Ռուսաստանի վարչապետը կոչ արեց մեծացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից և առևտրից սկսած` մինչև տեխնոլոգիա, նորարարություն և հումանիտար ոլորտ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետեր՝ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31