Յուրաքանչյուր արտիստի համար, լինի կայացած, թե սկսնակ, կարևոր է, որ համերգային ծրագրով հանդիսատեսի առջև ներկայանալիս թիկունքում ունենա վստահելի երաժիշտներ։ Դաշնակահար, երաժիշտ-գործիքավորող Էդգար Հայրապետյանը հայկական երաժշտարվեստում այն անհատներից է, ում գրեթե բոլոր արտիստներն են անխոս վստահում։ Անհերքելի փաստ է, որ հայաստանյան հայտնի աստղերն իրենց համերգներն ու մենահամերգները, ինչպես նաև Հայաստանից մինչև աշխարհի տարբեր ծայրերում կայացած հյուրախաղերը վստահել ու վստահում են Էդգարին։ Այդ թվում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութ, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը և այլ սփյուռքաբնակ ու հայաստանաբնակ անվանի արտիստներ։
Դրա վառ ապացույցը ամիսներ առաջ Արբաթ բանկետ հոլում Սարո Թովմասյանի մենահամերգն էր, որտեղ Սարոն օտարերկրացի հանդիսականի առջև հանդես գալու համար առանց վարանելու, համերգային երաժշտական խմբի կազմում ստեղնաշարային գործիքները վստահել էր հենց Էդգարին։
«Համերգային շրջագայությունները կարևոր են երաժշտի համար։ Իհարկե, պատասխանատու է, որ անվանի երգիչներն իրենց մենահամերգների երաժշտական մասը վստահում են ինձ, բայց և հաճելի է։ Հաճախ եմ անվանի արտիստների հետ մենահամերգներով հանդես գալիս օտարազգի հանդիսականի առջև, բայց Սարո Թովմասյանի հետ առաջին անգամ էի մենահամերգով հանդես գալիս Կանադայում։ Արբաթ բանկետ հոլում Սարոյի կայացած մենահամերգը, որը դրական լիցքեր տվեց հանդիսականին ու մեծ ընդունելության արժանացավ՝ բրավոներով ու բիսերով, ինձ համար ևս մեկ անգամ բացահայտում էր հենց Սարո Թովմասյան երգչի երաժշտական կարողություններն ու հանդիսատես–արտիստ ճիշտ կապ ստեղծելու գործում»,– հաճույքով մտաբերում է դաշնակահարն ու հավելում, որ առջևում դեռ համատեղ հանդես գալու շատ ծրագրեր կան։
Դաշնակահար Էդգար Հայրապետյանի համար երաժշտությունը կյանք է՝ ապրելակերպ։ Էդգարն ասում է, որ մինչև տարեվերջ իր երաժշտական օրացույցում ազատ վանդակ գտնելն անհնար է, քանի որ այն այնքան հագեցած է համերգային շրջագայություններով, որ անգամ ստիպված է եղել մերժել մի քանիսը։
Ի դեպ, բոլորովին վերջերս էլ, Միացյալ Նահանգների Յամահա ռեզորթում ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկի կայացած մենահամերգին Էդգարը հանդես է եկել որպես երաժշտական խմբի ղեկավար։
«Այդ օրը Յամահա ռեզորթի բացման երաժշտական մասը վստահված էր մեգաաստղ Արմենչիկին։ Այսինքն՝ սրահի բացումն ամբողջությամբ ազդարարվեց Արմենչիկի մենահամերգով։ Պիտի ասեմ, որ մեծ ընդունելության արժանացանք հանդիսատեսի կողմից, որի շարքերում կային և մեր հայրենակիցներ և օտարազգի ներկայացուցիչներ»,- մեզ հետ զրույցում պատմեց դաշնակահար Էդգար Հայրապետյանը։
«Երևանում բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց մեծ մասը երաժիշտներ են։ Նրանց թվում է նաև ստեղնաշարային գործիքների վարպետ Էդգար Հայրապետյանը, ով որպես անհատ, առանձնահատուկ դեր ունի իմ՝ որպես երգիչ կայացման պատմության մեջ։ Եվ, պատահական չէ, որ հենց ի սկզբանե, Էդգարին ընտրեցի որպես իմ երաժշտական խմբի ղեկավար, և մինչև առ այսօր էլ նա շարունակում է ղեկավարել իմ երաժշտական խումբը։ Էդգարը կարծես իմ երաժշտական կարիերայի թալիսմանն է դրա համար իմ ոչ մի համերգ կամ մենահամերգ առանց Էդգարի տեղի չի ունենում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արմենչիկը։
Այս օրերին երաժիշտները պատրաստվում են Բոստոնում նախատեսված Արմենչիկի մենահամերգին. «Հիմա պատրաստվում ենք ևս մեծ ու պատասխանատու համերգային շրջագայության։ Նոյեմբերի 26-ին Բոստոնում կկայանա Արմենչիկի մենահամերգը։ Հերթական անգամ պատիվ է հանդես գալ հայ համայնքի համար։ Վստահ եմ, ինչպես բոլոր մենահամերգները, սա ևս հագեցած ու շքեղ է լինելու»,- վստահեցրեց գործիքավորող-երաժիշտ, դաշնակահար Էդգար Հայրապետյանը։
Սոնա Թումանյան