Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականության մեջ լինում են դառը ճշմարտություններ»․ Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 21,2022 13:16

«Ստացել ենք տեղեկություններ վերջին 1-1,5 ամսվա ընթացքում տեղի ունեցած զարգացումների, հանդիպումների, Հայաստան այցելած պաշտոնատար անձանց կողմից բարձրացված խնդիրների մասին։ Եվ այդ տեղեկությունները հիմք են հանդիսացել մեզ համար՝ համապատասխան եզրակացություններ անելու եւ հասկանալու ընդհանուր առմամբ Ղարաբաղյան խնդիրի հետ կախված՝ ինչ տեսակետներ են հնչում, քննարկվում միջազգային հարթությունում։

Մենք պետք է մեր հասարակությանը ներկայացնենք իրական պատկերը։ Իսկ իրականության մեջ երբեմն լինում են դառը ճշմարտություններ, այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը», -Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների բովանդակությանը՝ նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Տեսեք՝ ԱՄՆ ակտիվությունը Խաղաղության պայմանագրի, ընդհանուր առմամբ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ կապված, Եվրոպայի, Շառլ Միշելի, Մակրոնի բազմաթիվ հանդիպումները կամ հեռախոսազանգերը Ադրբեջանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ․․․․Մեզ համար պարզ է, չէ՞, որ այդ բոլոր խոսակցությունների, հանդիպումների հիմքում առաջին հերթին այսօր Խաղաղության պայմանագիրն է, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը եւ այդ քննարկման ժամանակահատվածում նաեւ արծարծվում է Ղարաբաղյան խնդիրը։

Եթե մինչեւ պատերազմը տարածաշրջանային գլխավոր թեման եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ իրենց ձեւակերպմամբ, իսկ մեզ համար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ ապագայի խնդիրը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը դարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը, մարտական գործողությունները․․․ Ուստի այս համատեքստում մենք պետք է սթափ գնահատենք իրավիճակը եւ մեզ համար նախընտրելի կամ մեզ համար հեռանկարային քաղաքական կուրս որոշենք եւ դրանով առաջնորդվենք՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից»,-հավելեց Արցախի Հանրապետության նախագահը։

«Ցանկացած հանդիպման ընթացքում մենք ձեւակերպում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ»,-ընդգծեց նա։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31