Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունն այս տարվա 8 ամիսների ընթացքում հասել է 2.8 մլրդ դոլարի, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 74 տոկոսով, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը ավելացել է 58 տոկոսով։
«Չնայած ամբողջ աշխարհում առկա ծանր աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակին՝ Եվրասիական միության անդամ երկրների միջև շարունակում են խորանալ գործընկերային հարաբերությունները։ Գլոբալ մարտահրավերների պայմաններում կարելի է վստահաբար արձանագրել այս տարվա փոխադարձ առևտրի դրական միտումները»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն անդրադարձ կատարեց նաև արդյունաբերության ոլորտին՝ համոզմունք հայտնելով. «Արդյունաբերական կոոպերացիան հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների մրցունակությունը»։
Նա կարևորեց ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային առևտրի ոլորտի կարգավորող նորմերի շուտափույթ ընդունումը, որը պետք է հիմնված լինի ապրանքները իրացնող երկրների հարկման սկզբունքների վրա։ Փաշինյանն ընդգծեց, որ էլեկտրոնային առևտուրը, ինչպես երրորդ երկրների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների միջև գնալով մեծանում է, ուստի առավել հրատապ է դառնում դրա հարկման արդյունավետության բարձրացումը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվում են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Նիստին մասնակցելու համար Երևանում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետեր՝ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ