«Հանդիպումներ միշտ էլ տեղի են ունենում պատերազմից հետո եւ անմիջապես։ Բայց այս անգամ տարբերությունն այն էր, որ ոչ միայն կառավարման ապարատի պատասխանատուներն էին մասնակցում հանդիպումներին, այլ նաեւ ԱԺ-ից, այսինքն`թիմով էինք ներկայացել՝ ՀՀ մեր գործընկերների հետ քննարկելու բանակցային ընդհանուր գործընթացը, որն այս փուլում տարբերվում է նախկին ժամանակներից»,- Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում ունեցած հանդիպումներին։
Հարցին՝ սցենարներ չկա՞ն, թե՞ իրավիճակն է շատ արագ փոխվում, Արցախի Հանրապետության նախագահը պատասխանեց․ «Իրավիճակը շատ արագ է փոխվում, տարբեր սցենարներ ունեինք՝ նախապատերազմյան ժամանակահատվածում։ Պատերազմից անմիջապես հետո մենք սկսեցինք ձեւավորել մեր արտաքին նոր կուրսը՝ հիմք ընդունելով արտաքին մարտահրավերները, բայց ժամանակը շատ արագ է փոխվում։ Եվ այսօր պետք է ֆիքսենք, որ փետրվարի 24-ից ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում։ Մենք դա նկատում ենք տարածաշրջանի բոլոր խաղացողների կողմից։ Պատճառն այն է, որ սրացումներն ավելի հաճախ են լինում արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ոչ թե սահմաններին»։
Արայիկ Հարությունյանի խոսքով․ «Տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, ինչից հետո եղածը հասարակությանը ներկայացնելու առումով գործուղվել ենք Երեւան։ Եվ բոլոր հարցերի ու մտահոգությունների վերաբերյալ, որ ունեինք, ոչ միայն պարզաբանումներ ենք ստացել ՀՀ վարչապետից, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության այլ պատասխանատուներից․․․Բավականին ինֆորմացված ենք եկել, չնայած ինձ համար պարզ էր, քանի որ ամենօրյա օպերատիվ կապ ունեի եւ ՀՀ վարչապետի, եւ այլ պատասխանատուների, հիմնականում ՀՀ արտաքին գործերի նախարարի, անհրաժեշտության դեպքում՝ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Դրանք այն պաշտոնատար անձինք էին, այն դերակատարները, որոնք հիմնականում իրականացնում էին հանդիպումները, բանակցությունները»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ