Արևմուտքը շտապում է Հայաստանի ու Արցախի հաշվին հասնելու խնդրի լուծմանը՝ ստանձնելով կովկասյան գործերը տնօրինելու իրավունքը և տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին, իսկ Հայաստանի իշխանությունը շտապում է… իրականացնելու արևմտյան հովանավորների ցանկությունները, ինչը, ըստ էության, փորձում է անել իր ղեկավարման չորս տարիների ընթացքում։ Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Հայաստանի ղեկավարությունը Արևմուտքին խոստացել է նաև հրաժարվել ՀԱՊԿ-ին անդամակցությունից, ինչպես և խզելով պայմանագիրը՝ Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմական 102-րդ ռազմաբազան։ Զոհաբերելով ազգային շահերը՝ Հայաստանի իշխանությունը այդպիսով կամրապնդի Արևմուտքի բարեհաճությունը՝ երկրի ներսում անօրինական ու բռնի մեթոդներով պահպանելու իշխանությունը և մի օր էլ ստանալու ապաստանի իրավունք։
Ռուսաստանի մոտեցումը մնում է սառեցնելը կամ երկարաձգելը գործընթացները, ամեն կերպ կանխելը հակամարտության թևակոխումը պատերազմական փուլ, քանի դեռ չի կարող իր ունեցած քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ գործիքակազմերով դրանք լիարժեքորեն ուղղորդել և հանգուցալուծել իր միջնորդական տրամաբանության համաձայն։ Միաժամանակ նրա համար հեշտ չէ զսպել ադրբեջանցիների ու թուրքերի գործողությունները, երբ Հայաստանն ինքը հակառուսական խաղերի մեջ է և ձգտում է վերջինիս փոխարինել արևմտյան տերություններով: Ըստ էության Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի ձեռքին գործիք դառնալով Հայաստանը վերածում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի: Այս պայմաններում Ռուսաստանը հաշվի է նստում ուժեղ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնց հետ իր քաղաքական, տնտեսական, հաղորդակցական և այլ խնդիրները արևմտյան պատժամիջոցների խստացման այս փուլում շատ ավելի մեծ նշանակություն են ստացել։ Խրվելով ճակատագրական նշանակություն ձեռք բերած պատերազմի մեջ՝ Ռուսաստանն ակնհայտորեն չի մոռանում, այլ չափազանց խանդով է վերաբերվում իրեն թիկունքից հարվածելու, խաղից դուրս թողնելու քայլերին, որոնց մեջ կարծես միասնական են թե՛ Արևմուտքը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան, և թե՛ Հայաստանը։
Ռուսաստանը, իհարկե, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում հետապնդում է իր շահերը, որոնք չեն նույնականանում Հայաստանի շահերի ու պատկերացումների հետ, սակայն երբ Արևմուտքը, այլևս անտեսելով Արցախի կարգավիճակի խնդիրը, դարձյալ փորձում է հօգուտ Ադրբեջանի լուծել հայ-ադրբեջանական կնճիռը, Հայաստանն ի՞նչ հաշվարկով է նույնպես ձգտում Ռուսաստանին դուրս մղելու գործընթացից, որն առնվազն մեծ ընդհանրություններ ունի ռուսական շահերի հետ, ինչպես և որոշակի հակակշռման վիճակ կարող է ստեղծել բանակցություններում՝ հայկական կողմին ընձեռելով սեփական շահերն առաջ մղելու հնարավորություն։ Երբ, օրինակ, Փաշինյանը Արևմուտքում բերանը ջուր է առնում Արցախի հարցում, արևմտյան առաջնորդները որոնք բազմիցս հայտարարել էին կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին, շրջանցում են խնդիրը և բնականաբար, այս հանգամանքը Աստանայում Ալիևին հնարավորություն է տալիս հայտարարելու, թե Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է, և ոչ մեկի հետ ինքը չի պատրաստվում այն քննարկելու։ Եվ ի դեպ Ադրբեջանն է սկսել հայկական կողմին մեղադրել հարցը տարբեր միջնորդների դաշտ տեղափոխելու փորձերի մեջ, ինչի հետ իրենք իբրև թե համաձայն չեն։ Արևելքից Արևմուտք և այս արանքում թուրք-ադրբեջանական դաշտում խաղեր տալու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ճիգերը ոչ թե քաղաքականություն են, այլ գավառական խորամանկություն, որը կարող է թերևս ընդունվել նիկոլապաշտ ամբոխի կողմից և ոչ թե աշխարհի բախտը տնօրինող առաջնորդների։
Տեղին է այստեղ անդրադառնալը նաև այն փաստին, որ Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չի տեսնում, իսկ Աստանայում Փաշինյանը դարձյալ ասել է, որ միջանցքների մասին որոշում չկա։ Այս անգամ ո՞ւմ է փորձում ֆռռացնել Հայաստանի ոչ բարով առաջնորդը՝ ռուսների՞ն, թուրքերի՞ն, թե՞ հայերին՝ յուրաքանչյուրին տարբեր բան ասելով։ Ակնհայտ է, որ այս ամենը սպառնալիքներ է ստեղծում պատերազմի շեմին գտնվող Հայաստանի համար թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, և թե՛ նույնիսկ Ռուսաստանի կողմից, որն անգամ իր եղբայր ուկրաինացիներին չխնայեց, երբ նրանք փորձեցին թշնամուն բերել Ռուսաստանի դարպասների մոտ։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի փորձում իր համար ռազմաքաղաքական լուրջ խնդիրներ լուծել Իրանի հետ, որն ամեն օր ամենաբարձր մակարդակներով հայտարարում է Հայաստանի անվտանգության և ամբողջականության հետ կապված իր կարմիր գծերի մասին։ Ինչո՞ւ են անտեսվում Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ փոխհարաբերություններն ակտիվացնելու փորձերը, որոնք ուժեղանալու, մանևրելու հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի համար։ Նիկոլ ղեկավարը, չձգտելով ուժեղացնելու սեփական բանակը, անհեռանկար ճիգեր է գործադրում Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ ապահովելու արտաքին ուժերից։ Արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար բանակն ուժեղացնելու փոխարեն նա շռայլորեն գումարներ է ծախսում ոստիկանության վայրենի պատժիչ մեքենան հզորացնելու համար, որն իրեն պետք է պաշտպանի սեփական ժողովրդից, որի գիտակից ու հայրենասեր հատվածն ի վերջո իրենից հաշիվ է պահանջելու Արցախն ու հայոց պետականությունը կործանման եզրին հասցնելու համար։ Վերը շարադրված իրողությունները ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի գերնպատակը իշխանությունն է, հանուն որի պահպանման նա թշնամիների ու տարածաշրջանով շահագրգիռ ուժերի առջև աճուրդի է դրել իր հայրենիքն ու հայրենի պետությունը։
Այս պայմաններում անհրաժեշտություն է առողջ և գործուն ներուժի կենտրոնացումն ու հայրենիքի փրկության վճռական պայքարի ազդարարումը։ Այլընտրանքը պետականության կործանումն ու թուրքական հպատակությունն է, դեպի ուր տանում է մեզ կույր ու ատելությամբ թունավորված ամբոխի բախտախնդիր առաջնորդը։ Իսկ ժամանակը սպառվում է։
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում