Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման փաստին։ Հիշեցրինք, որ փաստաբանի կողմնակիցներն ասում են՝ սա քաղաքական հետապնդում է իրենց ընկերոջ նկատմամբ։ «Փաստաբանի մասով մենք ձերբակալման առաջին ժամերին այց ենք իրականացրել, հենց տեղում իր հետ զրուցել են իմ ներկայացուցիչները, հասկացել ենք՝ ինչ խնդիրներ ունի փաստաբանը, կապի մեջ եմ եղել նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ»,- ասաց Գրիգորյանը։ Ապա, անդրադառնալով գնահատականներին, ասաց․ «Դատարանում պիտի գնահատման առարկա դառնա։ Հիմա փաստաբանի կողմնակիցները կարող են պնդումներ անել, ես ծանոթ չեմ քրեական գործին եւ չեմ կարող օբյեկտիվորեն որեւէ բան ասել էդ մասով, թե որքանով է հիմնավոր։ Բայց գործի արդար քննության ընթացքում պիտի գնահատման առարկա դառնա, թե անձի փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում արդյոք լիազորությունների չարաշահման մասին կոնկրետ դեպքով հնարավո՞ր է խոսել, թե՞ ոչ, թե՞ դա բխում է փաստաբանի լիազորություններից»։
– Իսկ երբ Էրիկ Ալեքսանյանը Ձեր աշխատակիցներին ներկայացրել է իրավիճակը, չի՞ դժգոհել, որ իր իրավունքները խախտվել են, ապօրինի է այս ամենը եւ այլն։
– Չէ, նման դժգոհություն հանդիպման ժամանակ չի հնչեցվել, մեզ նման բողոք-պահանջ չի ներկայացվել փաստաբանի կողմից՝ առ այն, որ ինքը համարում է, որ դա ապօրինի է, եւ այլն։ Պայմանների հետ կապված է քննարկում իրականացվել, նաեւ՝ ձեւաչափի, ուղղակիորեն նաեւ խնդիր ենք ունեցել էդ պահին ապահովելու, որ իր փաստաբանն իրեն հասանելիություն ունենա, որ պաշտպանությունն էֆեկտիվ իրականացվի, բայց մեզ նման բողոք չի ներկայացվել ձերբակալման մասով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: