Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորներին կոչ կանեմ կամ հույս ունեմ, որ չեն ենթարկվի ճնշման ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ բիզնեսի կողմից, չեն գայթակղվի տարբեր սին խոստումներով. Գրիգոր Բեքմեզյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2022 10:20

Կարեն Անդրեասյանի` ԲԴԽ նախագահ դառնալուց հետո դատական համակարգում մի քանի աղմկահարույց իրադարձություններ տեղի ունեցան։ Նախ՝ ԲԴԽ-ի կազմից 1 անդամ պակասեց․ Անդրեասյանի ընտրվելուց 3 օր անց հրաժարական ներկայացրեց ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը, ապա ԲԴԽ-ն բավարարեց դատախազության միջնորդությունները՝ առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանավորելու վերաբերյալ, որից հետո Ալեքսանյանին մեղադրանք առաջադրվեց, իսկ դատարանը բավարարեց կալանավորման միջնորդությունը։ Բեքմեզյանն իր հրաժարականի տեքստում մի քանի ուշագրավ շեշտադրում էր արել, մասնավորապես, որ ներկայիս ԲԴԽ-ն այլեւս այն ԲԴԽ-ն չէ, որը Սահմանադրությամբ է նախատեսված, եւ խորհրդի անկախության մասին իր եւ խորհրդի մյուս անդամների պատկերացումները չեն համընկնում։ Դիմումից օրեր անց զրուցել ենք Գրիգոր Բեքմեզյանի հետ։

Ձեր հրաժարականի տեքստում Դուք նշել էիք, որ Ձեր եւ ԲԴԽ որոշ անդամների պատկերացումները ԲԴԽ անկախության մասին չեն համընկնում ե՞րբ Ձեզ ակնհայտ դարձավ դա եւ կապվա՞ծ է Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու հետ:

– ԲԴԽ անկախության մասին պատկերացումները որոշ ժամանակ՝ մոտ 1-2 ամիս առաջ դեռ տարբերվում էին, բայց ինձ մոտ ավելի հստակ այդ հարցը ծագեց Բարձրագույն դատական խորհրդի վերջին՝ ամսի 10-ի նիստի ժամանակ, որից հետո ես արդեն հասկացա, որ այլեւս չեմ կարող աշխատել (2022 թվականի հոկտեմբերի 10-ին ԲԴԽ-ում սկսել են քննարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ Կ․ Ս․)։

Ի՞նչ փուլ է սկսվում, ի՞նչ փորձություններ են սպասվում դատավորներին, եւ, ըստ Ձեզ, դատավորներն իրենց ինչպե՞ս պիտի դրսեւորեն: Ձեր կարծիքով` Կարեն Անդրեասյանն ի՞նչ առաքելությամբ է գնացել ԲԴԽ:

– Թե ինչ առաքելություն ունի, այդ հարցին, կարծում եմ, ես չպիտի պատասխանեմ։ Կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա այդ առաքելությունը։ Իսկ դատավորներին կոչ կանեմ կամ հույս ունեմ, որ դատավորները կշարունակեն պահպանել իրենց անկախությունը, անկախ ամեն ինչից՝ չեն ենթարկվի որեւէ ճնշման, որեւէ կողմից՝ ո՛չ իշխանության կողմից, ո՛չ ընդդիմության, ո՛չ բիզնեսի կողմից, եւ նաեւ չեն գայթակղվի տարբեր սին խոստումներով եւ իրենց շահագրգռելու տարբեր փորձերով՝ թեկուզ առաջխաղացման, թեկուզ նոր պաշտոնի եւ այլն, կշարունակեն իրականացնել իրենց առաքելությունը։ Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կպնդեմ, որ մենք ունենք շատ լավ դատավորներ, որոնք իսկապես մեծատառով դատավորներ են, եւ մեր համակարգը պետք է հիմնվի հենց այդ դատավորների վրա։ Շատերը կարող են դատավորներին չհավանել, բայց դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մեր դատավորներից շատերն իսկապես իրականացնում են արդարադատություն, իսկ երբ լավը մնա եւ լավը որակ ստեղծի, վստահ եմ՝ վատն ինքնըստինքյան դուրս է գալու համակարգից, եւ մենք ունենք նման դեպքեր։ Իհարկե, անուններ չեմ տա, դա ճիշտ չի լինի, բայց, այո, կան նման դեպքեր, եւ ես հույս ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի հենց լավ դատավորների շնորհիվ, ուղղակի ԲԴԽ-ն պետք է ամեն կերպ աջակցի այդ դատավորներին եւ որեւէ կերպ չխոչընդոտի նրանց գործունեությանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31