Լրահոս
Օրվա լրահոսը

Դավադրական տեսությունների «ռոմանտիկան»

Հոկտեմբեր 21,2022 10:00

Եթե դուք կարծում եք, որ պատերազմում պարտության եւ ստեղծված ծանր իրավիճակի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է եւ նրա կառավարությունը, ուրեմն դուք «5-րդ շարասյուն» եք ու ФСБ -ի գործակալ:

Եթե դուք, մյուս կողմից, համոզված եք, որ 2018 թվականի հեղափոխությունը պետք է տեղի ունենար, քանի որ ոտից գլուխ փտած ռեժիմն այլեւս արդյունավետ չէր, դուք «սորոսական» եք:

Հետեւաբար, երբ մարդիկ իրար երեսի շպրտում են այդ մերկապարանոց մեղադրանքները, նրանք, մեծ հաշվով, նկատի չունեն Կրեմլից կախվածությունը կամ արեւմտյան դրամաշնորհները՝ նրանք այդ պիտակների միջոցով նույնականացնում են «յուրայիններին» եւ «օտարներին»՝ զարգացնելով համապատասխան դավադրությունների տեսությունները:

Բազմիցս ասվել է, որ մարդիկ հավատում են այդ տեսություններին, որովհետեւ դրանց միջոցով հեշտ է ազատվել սեփական պատասխանատվությունից: Կրեմլում նստած է Պուտինը, իսկ ինչ-որ մի տեղ Եվրոպայում կամ Ամերիկայում՝ Սորոսը, եւ աշխարհում կատարվող բոլոր իրադարձությունները պայմանավորված են նրանց չարամիտ կամքով: Բայց այդ տեսությունները տարածված են նաեւ այն պատճառով, որ դրանք հետաքրքիր պատմություններ են: Եթե քեզ դուր չի գալիս Հայաստանի իշխանությունների այս կամ այն գործողությունը, եւ դու Հայաստանի սովորական քաղաքացի ես, դա պակաս հետաքրքիր է, քան եթե դու շրջապատված ես օտար պետության լրտեսի, թեեւ բացասական, բայց ինչ-որ տեղ «ռոմանտիկ» լուսապսակով:

Բնականաբար, կան մարդիկ, որոնք շահախնդրորեն կամ անշահախնդրորեն պաշտպանում են Կրեմլի քաղաքականությունը, կան այնպիսիք, որոնք ներքին համոզմունքով կամ ինչ-որ դրամաշնորհի դիմաց հայհոյում են Ռուսաստանը: Կան Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր, որոնք անկեղծորեն հիանում են Պուտինով կամ, հակառակը, ատում են նրան: Կան նաեւ քարոզիչներ, որոնք ներկայիս իշխանությանը պաշտպանելու կամ փնովելու համար իրենց դուր չեկող մարդկանց կպցնում են «5-րդ շարասյան» կամ «սորոսականի» պիտակը:

Այդ ամենը նորմալ է, բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում կան նման երեւույթներ: Ի վերջո, բոլոր տեսակետներն էլ, անկախ դրանց դրդապատճառներից, պետք է ունենան իրենց տեղը եւ, մասնավորապես, արժանի են հրապարակման: Պարզապես պետք չէ այդ հեքիաթներին լուրջ վերաբերվել: Օդի մեջ ասված բառեր են, որոնք արագորեն տարալուծվում են նույն օդի մեջ:

Ի դեպ, չեմ կարծում, որ մեր երկրում ռազմաբազա եւ սահմանապահ զորքեր ունեցող երկիրն այս փոքր պետությունում նաեւ ճյուղավորված գործակալական ցանցի կարիքն ունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովրդավարությունը չի ապահովում ընտրությունների ժողովրդամետ արդյունքներ, հակառակը, անչափահասին ավտո եւ ավտո քշելու իրավունքի վկայական տալով, երբ նա այդ շնորհքը դեռ չունի, դա մանիպուլյացիայի ակնհայտ միջոց է, որը անչափահասի շահերին դեմ է: Միակ լուծումը՝ դա ընտրելու իրավունք ձեռք բերելու եւ ժողովրդավարելու համար քաղաքացուն կրթել, վարժեցնել եւ քաղաքական եւ քաղաքացիական կանոնների իմացության քննություն հանձնելուց հետո միայն նրան շնորհել ժողովրդավարողի վարորդական իրավունք :), այսինքն՝ ընտրության իրավունքի վկայական: Երբ մենք ունենանք կրթված ու արհեստավարժ ընտրող, մենք կունենանք քաղաքական իշխանություն, որին կենթարկվեն ֆինանսատնտեսական եւ ուժային կառույցները, քաղաքական իշխանության թուլությունը բերում է ֆինանսատնտեսական կամ ուժային խունտաների իշխանությանը, այսօրվա մեր աշխարհը ֆինանսատնտեսական խունտայի ձեռքում է, որին ենթարկվում են աշխարհի եւ քաղաքական եւ ուժային կառույցները: Մենք աշխատասեր եւ արաչագործ ժողովուրդ ենք, Արարիչը օգնում է նրան, ով խնդրի ութսունհինգ տոկոսը ինքնուրույն է լուծում, իսկ դրա դիմաց Արարիչը տանհինգ տոկոսի բոնուս հրաշքներ է նվիրում 🙂

  2. Ruben says:

    Դավադրական տեսությունը «ժողովուրդ» կոչվող գործիքի լիցքավորման «ռոմանտիկ» մեխանիզմ է:
    1990թ. երբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ մուտք ստացան երիտասարդ, անփորձ, բութ, մեծամասնություն կազմող ամբիցիոզ ՀՀշները, կոմունիստ և կոմսոմոլ երիտ-առաջնորդները, հանրապետությունում խառնաշփոթ սկսվեց: Դիլետանտների մուտքը կարող էր ապահովել միայն ԽՍՀՄ ՊԱԿ-ը (ԿԳԲ): Կրեմլն ապահովում էր իր ֆավորիտների ակտիվությունն ու կերակրում նրանց «ազատությամբ»։ Հանկարծ «Լեւոն Տեր Պետրոսյան» կոչվածին բան չասեն:
    Բայց Կրեմլը նույնպես սխալվեց՝ «Հայկական» առաջնորդները «քցեցին» ռուսներին: Իրանց գեղացու կարճ խելոքվ «խաբելով» Եվրոպային, Ամերիկային, Իրանին, Սիրիային, Չինաստանին և այլն, «Լեւոն Տեր Պետրոսյան» կոչվածն ու նրա դրածո հաջորդները հույսները դրել էին ռուսական «ավոս»- ի (авось) վրա: Բայց Կրեմլի պլան «Բ»-ն ստիպված կլինի կրկնել 1914թ-ը:
    1991 թվականից Երևանը սնվում է գենետիկորեն ձևափոխված մթերքներով։ Երեսուն տարի շարունակ գենետիկ փոփոխություններով սերունդ է ձևավորվել։
    Եթե վարունգը աճեցվի մեղրի մեջ, կարելի է մարմելադի մեծ բերք ստանալ, իսկ եթե աղբի մեջ՝ …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31