Լրահոս
Օրվա լրահոսը

Բեւեռացումը գնալով ավելի է խորանում, սոված մարդը դառնում է անտարբեր

Հոկտեմբեր 21,2022 13:00

Փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել նորանկախ Հայաստանի ստեղծման պահից մինչ մեր օրերը, թռուցիկ՝ ընդհանուր գծերով ներկայացնելով, թե այդ ժամանակահատվածում՝ հատկապես սեփականաշնորհման գործընթացից սկսած ինչ տիպի անօրինություններ՝ ֆինանսական մեքենայություններ են տեղի ունեցել երկրում: Սկզբից իրականացվեց հողի սեփականաշնորհումը, որը կատարվեց զուտ բարեկամական, մտերմական՝ զոռբայական սկզբունքով, որի ընթացքում հասարակ գյուղացիներին բաժին հասավ պետության կողմից սահմանված չափով մեկական հողակտոր, իսկ պաշտոն ու դիրք զբաղեցնողներին անհատույց տրամադրվեց երկրի ողջ հողատարածքի մնացած ահռելի մասը, որոնց մի ստվար մասը ձեւակերպվեց այդ տարածքներում ծնված, սակայն վաղուց դրանք լքած՝ այդտեղ չբնակվող նախկին գյուղացիներին, որոնք եւս հետագայում դարձան այդ վայրերում գերիշխող դիրք ունեցող անձանց սեփականությունը: Բազմաթիվ ճարպիկ մարդիկ դարձան անգամ հարյուրավոր հեկտար հողերի եւ գյուղացիական մեծաթիվ տեխնիկայի սեփականատերեր, որոնք սկսեցին իրենց կամքը թելադրել շարքային գյուղացիներին՝ հետագայում նրանցից կոպեկներով գնելով նրանց հողերը: Այլ խոսքով, Հայաստանի ողջ հողերն անցան մի շարք ազդեցիկ մարդկանց տրամադրության տակ, որոնք սկսեցին հանդես գալ թելադրողի դերում: Ասվածից մոտավոր պարզ է դառնում, թե հողի սեփականաշնորհման արդյունքում ինչ պատկեր ձեւավորվեց Հայաստանում եւ որքանով էր արդարացի այն:

Հողի սեփականաշնորհումը հորով-մորով անելուց հետո սկսվեց արդյունաբերական, արտադրական տարածքների եւ մնացած գույքի սեփականաշնորհման գործընթացը, որն իր բնույթով կրկնվեց՝ համարյա չտարբերվեց հողի սեփականաշնորհման գործընթացից, մի տարբերությամբ միայն, որ նույն պաշտոն ու դիրք զբաղեցնողներն, ովքեր նախկինում՝ փորձառության պակասի արդյունքում որոշ հողեր տվել էին նաեւ պատահական մարդկանց, «շտկեցին» իրենց սխալները եւ այն մաքսիմալը, ինչ հնարավոր էր իրենցով անել, սեփականաշնորհեցին իրենց ու իրենց մտերիմների անուններով, ստեղծելով ահռելի ստարտային կապիտալ: Հասարակ մարդկանց այդ օբյեկտներից բաժին հասավ մինիմալ թվով բաժնետոմսեր, որոնք հետագայում նույն տոն տվողները կոպեկներով գնեցին նրանցից, ամեն ինչ կենտրոնացնելով իրենց ձեռքում: Հենց այպես էլ սկսվեց մարկանց հնարավորությունների մեկնարկը՝ բնակչության մեծամասնությունը զրոյական վիճակից, իսկ արտոնյալներինը՝ մեծ ունեցվածքների տիրացած կապիտալիստների վիճակից: Հայաստանում սկսվեց տեր եւ ծառա հարաբերությունները, որոնք մինչ այսօր էլ շարունակվում են համարյա նույն վիճակով, մի տարբերությամբ, որ գնալով չունեւորներն ավելի են աղքատանում, իսկ ունեւորները բազմապատկում են իրենց ունեցվածքը:

Փորձեմ վերջին պարբերության բովանդակությունը մի քիչ ավելի բաց ներկայացնել, որպեսզի ընթերցողին մատչելի լինի մեր բնակչության սոցիալական վիճակի մոտավոր պատկերը: Փաստացի արված թալանի հիմքի վրա ունեւորները սկսեցին ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը՝ բիզնեսի ոլորտներ, բանկերի հիմնում, պետական միջոցների թալան, որոնց շնորհիվ ողջ կապիտալը սկսեց հոսել նրանց գրպանները, իսկ չունեւորներն աստիճանաբար զրկվում էին իրենց սուղ ֆինանսական միջոցներից: Մի խոսքով, տնտեսության ողջ շարժն անցավ մի խումբ ունեւորների ենթակայության տակ եւ արդյունքում գոյացած ֆինանսական հոսքերին տիրապետում էին միայն նրանք, իսկ հասարակ ժողովուրդն անճարությունից հայտնվում էր լուսանցքում՝ մի կերպ հայթայթելով վարձու աշխատողի կարգավիճակ: Քանի որ Հայաստանը շատ փոքր, սահմանափակ ռեսուրսներով երկիր է, հետեւաբար, այն հետաքրքիր չէ նաեւ դրսի ներդրողների համար, ուստի չունեւոր մարդիկ որքան էլ որ լավ գաղափարներ ունենային, միջոցների սղության պատճառով չէին կարող ներդրումներ անել, տնտեսական գործունեություն իրականացնել եւ որոշակիորեն բարելավել իրենց ֆինանսական ու տնտեսական վիճակը, որի պատճառով նրանք օր օրի ավելի աղքատանում են, իսկ ունեւորները, ովքեր տիրապետում են ֆինանսական ողջ դաշտին, շարունակաբար ավելացնում են իրենց կարողությունները, աստիճանաբար չունեւորներից մաս-մաս տանելով նրանց վերջին միջոցներն ու հատկապես Երեւանի կենտրոնում դեռեւս պահպանվող նրանց ապրուստի վերջին միջոցները՝ բնակարանները: Այդ մարդիկ պարտադրված վաճառում են ունեցած վերջին բնակարանները, որի արդյունքում՝ ով կարողանում, այդ միջոցներով լքում է երկիրը, իսկ մնացած մասը ծայրամասերում բնակարան է գնում ապրելու համար, որպեսզի տարբերության գումարով փոքր բիզնես դնի եւ փորձի գոյատեւել: Բացառությունները չհաշված, նրանց ճնշող մեծամասնությանը չի հաջողվում հաջողության հասնել եւ նրանք տարաբնույթ պատճառներով կորցնում են նաեւ այդ գումարները: Ասեմ նաեւ, որ եթե նույնիսկ դրսից փոքրիկ ներդրումներ են լինում, ապա դրանք բաժին են հասնում միմիայն ունեւորներին (անձնական կապերի շնորհիվ): Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին մնում է մի ճանապարհ. մասնակցել տարաբնույթ մրցույթների ու փորձել շահել եւ դրանց շնորհիվ մի կերպ գոյատեւել, սակայն այդ ոլորտում եւս պատկերը տխուր է, քանզի մրցույթները հիմնականում անցնում են խախտումներով ու անարդար եւ դրանք հիմնականում շահում են իշխանությունների նախընտրելի մարդիկ: Եթե այս ամենին էլ ավելացնենք երկրի տնտեսական ծանրագույն վիճակը եւ պարբերաբար՝ գների վայրագ, անկառավարելի աճը, ապա պարզ է դառնում, թե ուր են գնում աղքատները՝ ինչ վիճակում են հայտնվում նրանք եւ ուր են գնում հարուստներն ու ունեւորները:

Հենց այս ամենի շնորհիվ է նաեւ այն իրողությունը, որ Արցախի, մարզերի եւ Երեւանի ունեւորները՝ ամեն մեկը մայրաքաղաքի կենտրոնում տիրացել են էլիտար եւ այլ շենքերի բազմաթիվ տների ու բնակարանների, անշարժ գույքերի, իսկ չունեւոր բնակչության մի ստվար մասը կորցրել է նաեւ ծայրամասերում գնած բնակարանները եւ բնակվում են վարձով: Դա էլ այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով տասնյակ հազարավոր ռուսներ են տեղափոխվել Հայաստան ապրելու ու աշխատելու, որի հետեւանքով վարձով տների գներն աճել են պատիկներով եւ հասել աստղաբաշխական թվերի: Փաստացի, Հայաստանում բնակչության համար առաջացել է ապրելակերպի սարսափելի տխուր սոցիալական միջավայր, որում հարուստներն ու ունեւորներն օր օրի էլ ավելի են բարգավաճում, իսկ աղքատների ու չունեւորների մի փոքր մասը՝ դրսում բնակվող իրենց մտերիմների օգնությամբ դուրս են գալիս՝ լքում երկիրը, իսկ նրանց մնացած մասն ուղղակի գնում է կործանման: Գնալով բնակչության սոցիալական վիճակն էլ ավելի է բեւեռանալու ու էլ ինչպե՞ս հույս պահենք, որ Արցախի եւ Հայաստանի այսպիսի պայմաններում նման անհավասար իրավիճակում հայտնված բնակչությունը ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ եւ ի վիճակի է լինելու կանգնել հայրենիքի կողքին ու դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից նրան նետված մարտահրավերներին …

Սոված մարդը թույլ է եւ հիմնականում անտարբեր:

Ստեղծված իրավիճակում շատ դժվար է լինելու փրկել հայրենիքը, եթե չմիակամվենք ու անմանցորդ չներդնենք բոլորիս ուժերը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մոռացա՞ք, թե չուզեցիք նշել, որ պետական մակարդակով կողոպտեցին ժողովրդի խնայողությունները և մինչև այժմ առանձնապես չեն շտապում վերադարձնել “գրքույկին գցած” գումարները։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31