Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի լինել անտարբեր դավաճանության ու նման արարքների հանդեպ»

Հոկտեմբեր 21,2022 12:00

Վիրահայ երաժիշտ, դրամատուրգ, ռեժիսոր Արտեմ Կիրակոզովի դիտարկումները

Թիֆլիսահայ երաժիշտ, դրամատուրգ, ռեժիսոր Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց) իր ստեղծագործական կյանքը ի սկզբանե չի պատկերացրել առանց հայրենիքի հետ մշտական կապի ու համագործակցության։ Իբրեւ դրամատուրգ եւ ռեժիսոր արվեստագետին վերջին անգամ հանդիպել ենք 2021թ., Ալավերդիում՝ ամենամյա «Թատերական Լոռի» փառատոնին, որտեղ իր ղեկավարած «Обводный переулок» թատերախումբը ներկայացրեց «Հարկավոր են նոր ձեւեր» կոմեդիան։ Հետո նույն ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ նաեւ Սպիտակում եւ Տաշիրում։ Այս օրերին Երեւանում գտնվող արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նրա այցի նպատակը, գուցե նոր ներկայացո՞ւմ է «բերել»։ «2023թ. Նար-Դոսի մահվան 100-ամյակն է։ Ես ծնվել եմ Թիֆլիսի Կազարմի թաղ կոչվող թաղամասում, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նար-Դոսը, հենց այդտեղ գրել «Մեր թաղը»։ Պապս Նար-Դոսի լավ ընկերներից է եղել, իսկ հայրս մտերիմ էր անվանի գրողի որդու՝ հրաշալի օպերային բաս Նար Հովհաննիսյանի հետ։ Հիմա եկել եմ գործընկերներիս հետ խորհրդակցելու, խելք խելքի տալու, թե ինչպես մեկ անգամ եւս տարբեր ձեւաչափերով միջոցառումների միջոցով Վրաստանում անդրադառնանք մեծ գրողի թողած ժառանգությանը։ Գուցե Նար-Դոսի տան պատին հուշատախտակ փակցնենք»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Հիշեց տարիներ առաջ իր եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ իրականացրած նախագիծը, ինչի շնորհիվ հայ եւ վրացի կոմպոզիտորները փոխայցելություններ ունեցան, հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս էլ ավելի լավ ճանաչել միմյանց, լուծում գտնել ծագած խնդիրներին ու հոգսերին։

Արտեմ Կիրակոզովը՝ Սփյուռքի ճանաչված գործիչների հետ։

Դիտարկմանը, թե նման հարցերը կարող են լուծվել երկու երկրների համապատասխան նախարարությունների միջոցով, պարոն Կիրակոզովի պատասխանը հետեւյալն էր. «Չե՞ք նկատել, որ ի պաշտոնե իրականացրած ու սրտով արված նույն գործը տարբերվում են իրարից… (ժպտում է- Ս. Դ.)։ Շատ կուզեի, որ երկու երկրների առեւտրականների օրինակով, մշակութային գործիչներն էլ ակտիվ լինեին։ Խոսքերիցս հետեւություն չանեք, թե ոչ մի լավ բան չկա։ Իհարկե՝ կա, բայց հաճախականությունն է քիչ։ Օրինակ, մի քանի օր առաջ Թբիլիսիի տոնին մասնակցում էին նաեւ հայաստանցի գրողներ, հիանալի էր, ի՜նչ աժիոտաժ էր տիրում։ Նախորդ հարցին կուզեմ անդրադառնալ. ցանկալի կլինի Թբիլիսիում կոնֆերանս անցկացնել՝ նվիրված Նար-Դոսի գործունեությանը, պարզ պատճառով՝ գրողի ցանկացած ստեղծագործություն այսօր էլ այժմեական է։ Այսօր էլ թագավորում է քաղքենիությունը։ Նման մտածելակերպով երկիր չես կառուցի, ավելի ճիշտ՝ զարգացնի»։

Անդրադառնալով իր գրական գործունեությանը եւ պատասխանելով հարցին, թե այդ ոլորտում ո՞րն է իր վերջին գործը, պարոն Կիրակոզովն ասաց. «Վերջին գործս պատմվածք է՝ «Քաղքեցին»։ Եթե հետաքրքիր է՝ կարող եմ երկու բառով ներկայացնել այն։ Համավարակի շրջանում ընդհատվեց ընկերոջս՝ ճանաչված դաշնակահար Լեւոն Շահբազյանի կյանքը, որը տասնամյակներ շարունակ Վախթանգ Կիկաբիձեի կոնցերտմայստերն էր։ Գիտեք՝ այդ շրջանում մարդիկ վախենում էին միմյանց հետ շփվել։ Հավլաբարի եկեղեցուց նրա աճյունը պետք է տեղափոխվեր Կուկիա գերեզմանատուն, ճանապարհը մոտ 5 կմ է։ Մեզ տեղափոխող մեքենայի վարորդը չգիտես ինչու սկսեց պատմել, որ իրեն դավաճանել են ընկերները… Բայց այդ նույն մարդը, որ իրեն նվիրված անձնավորություն էր ներկայացնում ու դատապարտում ընկերների դավաճանությունը, հաշվի չառավ, որ էքստրեմալ պայմաններ էին, չսպասեց մեզ։ Թիֆլիսում նման պահվածքը որակում են «քցել»։

Սեղմ ներկայացրի պատմվածքս։ Իսկ ընդհանրապես իմ բոլոր գրվածքների ասելիքը, մեծ հաշվով, մեկն է՝ չի կարելի լինել անտարբեր դավաճանության ու նման արարքների հանդեպ, դա վայել չէ քրիստոնյային։ Չնայած ինչեր ասես, որ չեն կատարվում մեր ժամանակներում,
օրինակ՝ ոչ թե Օթելլոն է խեղդում Դեզդեմոնային, այլ հակառակը, որովհետեւ վերջինս Օթելլոյին խանդում էր Կասիոյի հանդեպ»։

Ռեպլիկին՝ գրական գործերով նաեւ դաս է տալիս նոր սերնդին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Վրացահայ համայնքն առաջվանը չէ, չեմ զգում մեր՝ ավագներիս կապը երիտասարդների հետ։ Կարծես նրանց չի էլ հետաքրքրում մեր կյանքի փորձը, ուղիղ ասած՝ բանի տեղ չեն դնում։ Մեկ-երկու ամիս առաջ Լոս Անջելեսից հայ մտավորականների պատվիրակություն էր եկել ու բնականաբար պետք է կազմակերպվեր հանդիպում վրացահայ մտավորականների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ, բայց հրավիրված չէին վրացահայ ճանաչված շատ մտավորականներ, այդ թվում՝ նաեւ ես։ Հետաքրքիր է, չէ՞, ինչու ինձ չէին հրավիրել։ Դրա պատասխանը գիտեմ՝ հանկարծ ավել-պակաս բան չխոսեմ։ Սա մեծ հաշվով հայերիս հիվանդությունն է։ Կամ՝ վերջերս Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպման էր հրավիրել հայազգի մտավորականների։ Այդտեղ էլ, չհասկացանք՝ ի՞նչ սկզբունքով էին կազմել հրավիրյալների ցուցակը»։

Զրույցի ընթացքում Արտեմ Կիրակոզովն ասաց նաեւ, որ մեծ է ցանկությունը հանդիպելու «Դրամատուրգ» հանդեսի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանին՝ իր նոր գործերը ներկայացնելու նպատակով։ Ասաց նաեւ, որ տպավորված է այս օրերին Երեւանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնով, որը յուրօրինակ ակցիա-փառատոն է #SaveCulture #StopAgression հեշթեգով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31