Այսօր ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ «Սյունիքի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ում հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս, հետախույզ, մայոր Էդգար Մաթևոսյանի հիշատակին:
Մայոր Մաթեւոսյանը այն բացառիկ հերոսներից է, որի անունը ոսկե տառերով գրված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատին՝ որպես գերազանցիկ: Ապրիլյան պատերազմին նրա շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր փրկվեցին, որի համար Մաթեւոսյանն արժանացավ «Մարտական խաչ» և «Արիության համար» շքանշանների:
Էդգարը, 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած, Արցախում մասնակցել է ամենաթեժ մարտերին ու առաջին օրերին ոտքից վիրավորվել: Երբ ընկերները փորձել են տանել հոսպիտալ, ասել է՝ «չէ, բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ»: Նա իր ձեռքով վիրակապել է իրեն ու նորից մտել կռվի մեջ: Նրա մասին հերոսապատումները անթիվ են, զինակիցները, նրա ենթակայությամբ գործող զինվորները, որոնք այցելում են Էդգարի ընտանիքին, կրկնում են՝ «ես իրեն եմ պարտական, որ ապրում եմ ու կամ, ինքն ինձ փրկել է»:
Ցավոք, 2020-ի հոկտեմբերի 2-ին, կարեւոր առաջադրանք կատարելիս, փորձառու հետախույզը զոհվեց:
Կարդացեք նաև
Մայորի կինը, հարազատները, երկու անչափահաս երեխաները փորձում են սփոփվել հերոսի թողած անբիծ կենսագրությամբ ու բարձր պահել նրա պատիվն ու հեղինակությունը: Այսուհետ հենց այն դպրոցում, որտեղ հաճախել է մայոր Մաթեւոսյանը, դասարաններից մեկը կկոչվի իր անվամբ: Դպրոցի սաները գիտակցում են, որ հենց Էդգարին ու նրա նման հերոս տղերքին են պարտական, որ ապրում են խաղաղ երկնքի տակ:
Հիշեցնենք, որ երբ զոհվել էր Էդգարը, նրա մարտական ընկերներից Ռուբեն Մարտիրոսյանը նրա մասին գրել էր. «Գնաց, էլ չտեսանք իրան։ Ասավ՝ էլի եմ գալու: Չեկավ։ Հետաքրքիր ա, բայց համ էդ ամեն ինչն էր ղեկավարում, համ ամենաշատն էր հոգնած, բայց եկել էր, որ դուխ տա մեզ: Տվեց, էն էլ ինչքա՜ն։ Կռվի 1-ին կամ 2-րդ օրն էր, խոսում էինք, ասինք՝ ավելի լավ ա մեզ խփեն, քան իրան: Ինքն էր գումարտակի ողնաշարը։ (ԿՈՏՐՎԵՑ)։ Ինքն էլ էր գիտակցում, որ առանց իրա չի լինելու։ Զոհվելուց մի ժամ առաջ աֆիցերներից մեկին ասել էր՝ հենց ջոկեք չկամ, փախցրու երեխեքին։ Դաժե էդ էր մտածել: Տենց էլ եղավ։ 1 ժամ հետո զոհվում ա։ Գիտակցելով գնաց էդ քայլին։ Բառեր չկան նկարագրելու։ Ինքը իմ համար մի նոր Մոնթե ա։ ԱՆՄԱՀԱՑԱՎ»:
Մայոր Մաթեւոսյանը առանց հայր է մեծացել ու խոսք էր տվել իր երեխաներին՝ երբեք նրանց առանց հոր չթողնել: Այսօր, ավաղ, Էդգարի որդին մասնակցում է հոր հիշատակի միջոցառմանը, լսում նրա մասին անհավանական թվացող զրույցներն ու պատմությունները ու պարտավորվում արժանի հետնորդը լինել իրական հերոսի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ