Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Եփրիկյան. «Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պինդ տղա է, եւ իշխանությունը նրան չի մարսելու»

Հոկտեմբեր 20,2022 23:26

Փաստաբան Վահե Եփրիկյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով քաղաքական եւ հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի նկատմամբ օրը ցերեկով իր տան առջեւ կիրառված բռնարարքին, ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, իշխանության ձեռքի գործը կարող է լինել եւ ավելացրեց. «Ի դեմս Էդգար Ղազարյանի՝ կանոնավոր, իրական ընդդիմության մեծամասնությանը անհնար է ծեծելով, ահաբեկելով, սպառնալով, կալանավորելով լռեցնել ու դարձնել իշխանության խաղալիքը»:

Այնուհետեւ փաստաբանը խոսեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, որի որոշումներով կալանավորվել էին իշխանության քաղաքական մի քանի հակառակորդներ, եւ ընդդիմադիր գործիչների շահերի պաշտպանի դերակատարությունն ստանձնած փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին:

«Սկսենք Արուսյակ Ալեքսանյանից: Որեւէ մեկի համար նորություն չէ, որ ՀՀ-ում դատական համակարգում գոյություն ունեն իշխանության սրտի դատավորներ: Բոլորս հիշում ենք 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, դատական համակարգի վրա մատ թափ տալով, ասում էր, թե ուզում է տեսնել այն դատավորին, որն իր ցանկությունը չի կատարելու: Կոնկրետ Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, ինչպես պրակտիկան ցույց տվեց,  քաղաքական ենթատեքստ ունեցող անխտիր բոլոր դեպքերով կայացվել է կալանավորման որոշում, ինչով նա ցույց էր տալիս, որ պրոիշխանական դատավոր է:

Բոլոր դատավորները, որոնք հանիրավի կալանավորում են մարդկանց, թույլ են տալիս ոչ միայն իրավական, այլեւ բարոյական սխալներ, բնականաբար, նրանց մասին որեւէ ռեաբիլիտացիայի, ներման կամ խղճմտանքի խոսքեր ասելը զուր է: Մենք հիմա դատափետում ենք միայն Արուսյակ Ալեքսսանյանին, բայց, օրինակ, դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի գործով ոչ պակաս դատափետման արժանի են առնվազն կալանավորման միջնորդություն ներկայացրած քննիչը, դատախազը, դատավորը եւ վերաքննիչ դատարանում կալանքը վերահաստատած դատավորը:

Իսկ ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանին, նա բարձր պրոֆեսիոնալ է, Հայաստանում երիտասարդ փաստաբանների մեջ ամենահեռանկարայիններից մեկը: Ես չեմ կարծում, որ նա կարող էր կատարել մի այնպիսի հանցավոր արարք, որն իր լավագույն կարիերան կասկածի տակ կդներ: Ի՞նչ է արել Էրիկ Ալեքսանյանը: Միջնորդություն է ներկայացրել: Այ, ես էլ այստեղ գալուց առաջ միջնորդություն եմ ներկայացրել եւ այստեղից դուրս գալուց էլ գնալու եմ նման մի միջնորդություն ներկայացնեմ: Ես մտածում եմ, որ Էրիկի նկատմամբ այս ցածրարժեք հետապնդումը մի քանի հանգամանքով է պայմանավորված, որոնցից ամենաէականն այն է, որ Էրիկ Ալեքսանյանը քաջություն է ունեցել բավականին պրոֆեսիոնալ եւ լավ պաշտպանել քաղաքական գործերով Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին: Վստահ եմ, որ Էրիկ Ալեքսանյանը չի կոտրվելու: Ինքը շատ պինդ տղա է, եւ գործող իշխանությունը նրան չի մարսելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31