Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատանքային այցով Ֆրանսիայում (Լիոն) գտնվող Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ նահանգի նախագահ Լորա Վոքիեն կստորագրեն երկկողմ համագործակցության համաձայնագիր ու հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մի քանի ժամ առաջ, Օվերն-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը քվեարկությամբ հաստատեց 300 հազար եվրոյի աջակցության ծրագիրը՝ Սյունիքի մարզին, որը կուղղվի մարզի զարգացմանն ու, մասնավորապես, Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես տեղեկացրել է Օվերն-Ռոն-Ալպ նահանգի խորհուրդը։ «Օվերն-Ռոն-Ալպեր նահանգը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները, եւ իր անսասան աջակցությունը հայտնում Հայաստանին»,-արձանագրեց խորհուրդը։
Նշենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ Ֆրանսիա է գործուղվել հոկտեմբերի 19-ին։ Մարզպետի հետ է նաեւ նրա օգնական Սուրեն Քեսեջյանը։ Իսկ Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի միջեւ ստորագրվելիք գործընկերության համաձայնագրի մանրամասները կներկայացնենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ