Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա արդեն ՀՀ ԱԳՆ-ում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումից հետո հրավիրած ասուլիսում Արարատ Միրզոյանին իրանցի լրագրողը հարցրեց՝ վերջերս Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային խնդիրները քննարկելիս համաձայնություններ են ձեռք բերվել, ի՞նչ մեխանիզմ է քննարկվել այս խնդրի լուծման հետ կապված: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այո, ինչպես նշեցիք, այդ հանդիպումը Պրահայում տեղի է ունեցել, եւ դա ամենեւին էլ խաղաղության ջանքերի շրջանակներում կազմակերպվող միակ հանդիպումը չի: Խաղաղության պայմանագրի շուրջ, նաեւ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված մյուս խնդիրների շուրջ, ԼՂ հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում, տարբեր ֆորմատներով եւ ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական՝ առավելապաշտական մոտեցումն է եւ ՀՀ-ի հետ փոխադարձ ընդունելի լուծումերի գնալու դժկամությունը: Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի, եւ մեզ առաջիկայում կհաջողվի հանգել կրկին փոխադարձ լուծումների եւ իրավիճակների»:
Նա նաեւ հավելեց, որ խաղաղ բանակցություններ վարելիս, երբ շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ կամ իրականության մեջ գետնի վրա այդ ուժը գործադրվում է, ու ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ, սա, աշխարհում կհամաձայնեն, որ խաղաղության հասնելու ձգտման ապացույց չի, ու խաղաղության հասնելու համար լավ օրինակ չի:
Հարցին՝ ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ի՞նչ հեռանկարներ դա կարող է բացել տարածաշրջանի երկրների համար եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանին, ծրագրում ներգրավելու ուղղությամբ, նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատասխանեց, որ այդ հարցը բավականին երկար քննարկել են, օրակարգի կարեւոր թեմաներից է. «Համակարծիք ենք եղել, որ, հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունը, կարող ենք ձեւավորել եռակողմ պլատֆորմ Հայաստանի, Իրանի եւ Հնդկաստանի միջեւ, որպեսզի կարողանանք իրականացնել մեր նպատակները»:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ ՀՀ-ն իսկապես հետաքրքրված է այդ տրանսպորտային միջանցքով, եւ մենք, ինչպես եւ Իրանն ու Բուլղարիան, նախաստորագրել են այդ մասին համաձայնագիրը. «Միջանցքը հետաքրքիր կլինի, կարծում եմ, այդ թվում՝ նաեւ Հնդկաստանի համար եւ մենք կկարողանանք հասնել ի վերջո այս գաղափարի կենսագործմանը»:
Իրանցի մեկ այլ լրագրող հետաքրքրվեց «Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքից»՝ Միրզոյանը, լսելով «միջանցք» բառը, պատասխանեց, որ հարցի ձեւակերպումը սխալ է. «Անշուշտ, 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին, ու դրանց հետ փոխկապակցված եռակողմ հայտարարություններով ընդգծվում էր տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարեւորությունը: Եվ ահա այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում նաեւ ընդգծվում է այդ հայտարարություններում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով մասնակցում ենք այդ քննարկումներին եւ ինչպես նախկինում բազմիցս ենք հայտարարել, պատրաստ ենք բացել ճանապարհները նաեւ ադրբեջանական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար՝ անշուշտ ամրագրելով եւ կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք ենթակառուցվածքները եւ նոր կառուցվող ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո եւ գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով անցնում են, այդ թվում եւ՝ ձեր նշած ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են հասնել Նախիջեւան կամ երրորդ երկրների քաղաքացիներն ու ու բեռները, այս ուղին օգտագործելով, կարող են անցնել իրենց ճանապարհը: Մենք կարծում ենք, որ կարող են ավելի արդիական լուծումներ լինել այս հարցում, ինչպես, օրինակ, բեռների էլեկտրոնային հայտարարագրումն է: Շատ մանրամասների մեջ չեմ ուզում մտնել: Բայց հիմնական պահանջը, որը հայկական կողմն ունի, հետեւյալն է՝ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության եւ գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում եւ տեսնում ենք, որ այլ՝ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ահա այս ճանապարհի ադրբեջանական ինտերպրիտացիային: Կրկնում եմ՝ էքստրատերիտորիալ ստատուսին, կարգավիճակին, կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին ՀՀ տարածքով խոսք լինել չի կարող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ