Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու՝ Թուրքիան գուցե միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան Ադրբեջանը». Միրզոյան

Հոկտեմբեր 20,2022 22:32

«Ադրբեջանի նախագահը մեր երկրի պաշտոնական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ աշխարհագրական, սահմանային որեւէ փոփոխություն տարածաշրջանում չեն ցանկանում եւ չեն իրականացնելու: Մենք սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներն արել ենք: ԻԻՀ-ն հնարավորություն ունի խոչընդոտել եւ դիմակայել ցանկացած նման գաղափար իրականացնելուն»,- այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Հարցին՝ 2019-ից ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաշվի առնելով՝ ի՞նչ առաջընթաց կա այդ ուղղությամբ՝ մանավանդ նկատի ունենալով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել եւ առարկայական քննարկումներ են ունեցել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Թուրքիայի կողմից փակ սահմանը բացելու ուղղությամբ: Այս ընթացքում ես Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել եմ Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նաեւ Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումը: Գործընթացը համարում եմ դրական եւ ուղենիշը իսկապես հարաբերությունների հաստատումն է ու սահմանի բացումը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի հետ եւ հակառակը, պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե էքստրատերիտորիալ միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան Ադրբեջանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31