Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցի օրենքով գողերը կմնան կալանքի տակ․ նոր մանրամասներ՝  նրանց դատավարությունից

Հոկտեմբեր 20,2022 22:17

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Այն սկսվեց ժամը 16․00-ին ու շարունակվեց մինչև 22․00-ն։ Ամբաստանյալները թվով 8-ն են, որոնցից 4-ը գրավի դիմաց ազատ են արձակվել։ Դատավորը Ռոման Սմբատյանն է։

Դատվողներից երկուսը օրենքով գողեր են՝ Սուրեն Ավետիսյանը, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։

Դատարանը մերժել է «Պաշի տղա Սուրո Լեննականսկուն» 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քիչ առաջ մերժեց նաև «Զապի եգան Արտյոմ Լեննականսկուն» 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։

Դատարանը չի փոխել նաև այս քրեական գործով անցնող Ցոլակ Գևորգյանի՝ «Տեքստիլի Ցոլոյի» ու Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի»  խափանման միջոցները։  Փաստաբանը միջնորդել էր Կարեն Վարոսյանին ազատ արձակել 63 միլիոն դրամ անշարժ գույքի գրավադրմամբ։

Դատարանը ոչ միայն մերժեց Ցոլակ Գևորգյանին 30 միլիոն դրամ գումարի դիմաց ազատ արձակելը, այլ մերժեց երաշխավորների միջնորդությունը, իսկ նրան երաշխավորելու էին եկել  ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի  նախագահն ու 8 սպորտսմեններ, որոնց թվում կային նաև մարզային դպրոցի տնօրեններ։

Հիշեցնենք, որ ըստ քրգործի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։

Նա հստակ դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք կատարել են նրա հանձնարարականները։

Ավելի վաղ դատարանն ազատ էր արձակել 4 ամբաստանյալի․ նրանցից մեկը Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարարներից մեկն է՝ Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն», նրա որդի Աշոտ Իգիթյանը, Էդմոն Գրիգորյանը, Վահան Տեր-Պողոսյանը։

Դատարանը քննեց նաև ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանին՝ «Իգիթի Ռոյին» նորից կալանքի վերցնելու հանրային մեղադրողի միջնորդությունը ու մերժել։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։

Ըստ հարուցված քրգործի՝ 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին (գործարար Իգիթի Ռոյին) և Ցոլակ Գևորգյանին։

Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։ Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։ Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին:

Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։

Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին։ «Քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ՝ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանի նկուղում քողարկված և թաքստոցի մեջ պահված չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է 180.000 ԱՄՆ դոլար, Կարեն Վարոսյանի բնակարանից՝ «Բերետա» տեսակի ատրճանակ և 8 փամփուշտ, իսկ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակարանից՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված», – նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31