Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական կողմը պատմական սահմանների փոփոխությունը բոլորովին չի ընդունելու, կձեռնարկենք բոլոր քայլերը՝ դիմակայելու նմանատիպ նույնիսկ մտածելակերպին». Իրանի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 20,2022 21:36

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա արդեն ՀՀ ԱԳՆ-ում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումից հետո հրավիրած ասուլիսում Արարատ Միրզոյանը նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնք հիմնված են ոչ միայն մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության եւ եղբայրության, այլեւ ընդհանուր պետական, բնական շահերի խորն ըմբռնման վրա, հետեւողականորեն խորանում են տարբեր ոլորտներում:

Նա նշեց, որ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերը. «Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների հետ կապված մանրամասները: Բնականաբար, անդրադարձել եմ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մանրամասներին եւ հետեւանքներին: Վերահաստատել եմ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերման,  Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման եւ հայրենադարձման, բռնի անհետացումների, զոհերի ճակատագրերի պարզաբանման եւ հրադադարի ռեժիմի պահպանման հրամայականը: Մենք համակարծիք ենք, որ տարածաշրջանի երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների եւ կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը, կամ ուժի կիրառման սպառնալիքը: Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային եւ հստակ դիրքրոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանն ուղղված իրանական կողմի ջանքերը: Հանդիպման ընթացքում քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանն առնչվող հարցեր եւ պատրաստակամություն ենք հայտնել համատեղ ջանքերով հարստացնել հայ-իրանական օրակարգը»:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությանը նոր լիցք հաղորդելու հեռանկարները:

«Հատուկ նշանակություն ենք տալիս ճանապարհային ենթակառուցվածների ոլորտում Իրանի հետ կապերի ամրապնդմանը, եւ այս առումով պետք է ընդգծել Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման կարեւորությունը, որը կարող է ընդգրկել նաեւ այլ շահառու եւ հետաքրքրված կողմեր, երկրներ», – ասաց Արարատ Միրզոյանը:

Վաղը նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցելու է Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությանը: Միրզոյանի խոսքով՝ «սա նշանակալի եւ խորհրդանշական քայլ է, որով ընդգծվելու է մեր երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին: Վստահ եմ նաեւ, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր դրական ներդրումը կունենա Սյունիքի մարզում առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ գիտամշակութային ոլորտների զարգացման գործում»:

Նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ իր խոսքում նշեց. «Մեր ներկայությունը Երեւանում վկայում է ՀՀ-ի եւ Իրանի միջեւ բազմադարյա բարեկամությունը: Մենք այսօր հանգամանալից եւ բովանդակալից առանձնազրույց ունեցանք իմ լավ գործընկեր պարոն Միրզոյանի հետ: Համակարծիք էինք երկկողմ համագործակցության թեմաների առնչությամբ: Երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ու առեւտրաշրջանառությունը մոտ 700 մլն-ի մակարդակի է, համաձայնեցինք հասցնել մինչեւ 1 մլրդ-ը, մանավանդ, որ կա այդ ներուժը, որ նույնիսկ ավելի բարձրացնենք 1 մլրդ-ից: Պարոն նախարարը ճիշտ նշեց, որ համագործակցությունը զարգացնելու տարբերակները շատ են, դրանցից մեկը հյուպատոսության ստեղծումն է, որի միջոցով ավելի դյուրին պայմաններ կկարողանանք ստեղծել: Սյունիքի մարզում ԻԻՀ-ի հյուպատոսության բացումը այն կարեւոր աշխատանքներից է, որ պետք է վաղը իրականացնենք: Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաեւ մտահոգություններ, որոնք կան Հարավային Կովկասում ու որոնց անդրադարձանք: Իրանական կողմը ամբողջովին դեմ է, որ տարածաշրջանում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ թե՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ տարածքում, մեզ համար կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպես 3+3 պլատֆորմն է: Իրանական կողմը յուրաքանչյուր փոփոխություն աշխարհագրական տարածքների առումով, պատմական սահմանների փոփոխությունը բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է, ու կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նմանատիպ նույնիսկ մտածելակերպին»:

Նա շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31