2022թ․ սեպտեմբերի 25-ին կայացած Սիսիանի համայնքի ավագանու անդամների ընտրություններից հետո ավագանու 21 մանդատները բաշխվել են 5 ուժերի միջեւ։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Հանուն Ազատության» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու առաջին նիստին 9 քվեով համայնքի ղեկավար ընտրվեց կառավարող ուժի ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը՝ մեկ քվեով հաղթելով Հայկ Առաքելյանին։ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստի աշխատանքները, իսկ ավելի ուշ հայտարարեցին, որ հրաժարվում են մանդատներից։ Ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանի այս հայտարարությունից հետո մանդատները վայր դնելու մասին բարձրաձայնեցին «Մեկ Հայաստան»-ը եւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքները։ Երկու անգամ հրավիրված ավագանու նիստերը չկայացան՝ քվորում չլինելու պատճառով։ Չի բացառվում, որ Սիսիանի ավագանու գործունեությունը վաղաժամկետ դադարեցվի եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն։
Սիսիանում հետընտրական զարգացումների մասին Aravot.am-ը զրուցել է ավագանու անդամների ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանի հետ։
-Պարոն Զաքարյան, նախընտրական շրջանում ակնակալիքներ ունեիք, որ ընտրողների մեծ մասի քվեն կստանաք։ Ինչո՞ւ ստացաք ընտրողների 19,45 տոկոսը։ Ինչո՞ւմ թերացավ «Ապրելու երկիրը»։
-Չեմ կարծում, որ ճիշտ է այս համատեքստում «թերանալ» բառն օգտագործելը։ Ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո շատ ինտենսիվորեն եղել ենք Սիսիանի բնակավայրերում եւ հանդիպել բնակիչների հետ։ Այն արձագանքները, որ ստանում էինք նրանց հետ հանդիպման ընթացքում, միայն դրական տպավորություն էին թողնում․ ակներեւ էր, որ սիսիանցիները հոգնել են սին խոստումներից, նախկինների ու ներկաների անպտուղ մեղադրանքներից, նրանք նոր եւ կարող ուժի են ցանկանում վստահել իրենց համայնքի զարգացումը։ Մեր առաջարկները բնակիչների հետ հանդիպումներում ողջունվել են:
Կարդացեք նաև
Սակայն, ինչպես հայտնի է, իրադարձություններն իրենց բնականոն հունով չընթացան։ Ցավոք, իրավիճակը փոխվեց Ադրբեջանի կողմից մեր բնակավայրերի ուղղությամբ հարձակումից հետո։ Մեր բոլորիս ուշադրությունն այդ պահին սահմանում տիրող իրավիճակն էր, մեր բնակավայրերի ամրությունը եւ բանակի պատրաստվածությունը բարձր պահելը, եւ այդ օրից մենք դադարեցրինք ակտիվ քարոզարշավը, որն այդպես էլ լիարժեքորեն չվերսկսվեց։ Կառավարությունը պարտավոր էր ստեղծված իրավիճակում չեղարկել ընտրությունները հարձակման ենթարկված համայնքներում, ինչպիսին Սիսիան համայնքն է։ Սակայն դա տեղի չունեցավ, ավելին՝ իշխող ուժը լիարժեք իրացնելով իր ադմինիստրատիվ ռեսուրսը, գնաց ընտրությունների՝ անհավասար պայմաններ ստեղծելով մնացած ուժերի համար։ Սա է պատճառը, որ հնարավորություն չունեցանք լինել մեր բոլոր բնակավայրերում, բնակիչներին մեր ծրագրերը ներկայացնել։
Վստահ եմ, այլ՝ ավելի խաղաղ պայմաններում, մենք կկարողանայինք ստեղծել եւ ամրապնդել վստահություն մեր բնակիչների շրջանում, եւ ընտրության արդյունքները բոլորովին այլ կլինեին։ Այդ պատճառով է, որ մենք ի սկզբանե բոյկոտեցինք ընտրությունների արդյունքները՝ նախ ավագանու առաջին նիստին չներկայանալով, հետո էլ՝ մեր մանդատները վայր դնելով։ Սիսիանցուն պետք է վերադարձնել իրական եւ արդար ընտրությամբ իր համայնքի առաջնորդությունը ձեւավորելու եւ զարգացնելու հնարավորությունը։
-Հետընտրական զարգացումները Սիսիանում թերեւս ավելի թեժ են։ Բոյկոտեցիք առաջին նիստը, հիմա էլ հրաժարվում եք մանդատներից։ Ավելին, խոսում են, որ քաղաքական ուժերի հետ բանակցությունների ժամանակ Դուք անընդհատ պնդել եք, որ համայնքի ղեկավար Դուք պիտի դառնանք։ Ստացվում է ՝ որ Ձեր պայքարը աթոռակռի՞վ էր, այլ ոչ թե Սիսիանն ապրեցնելու համար։
-«Ապրելու երկիր» կուսակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ, ի դեմս ինձ, ունենալու է իր թեկնածուն։ Այո՛, մենք բանակցություններ ունեցել ենք մնացած ուժերի հետ՝ մեծամասնություն ձեւավորելու եւ համայնքի կառավարումը ստանձնելու մասով։
Սակայն մի պարզ հանգամանք մեր գործընկերները չուզեցին հաշվի առնել։ Մենք պատասխանատու ենք մեր ընտրողների առջեւ, եւ մեր մանդատը մեր ընտրողների ձայնն է, իսկ մեզ ընտրողները ներկաների ու նախկինների անվերջանալի եւ կործանարար պայքարը չհանդուրժողներն են։ Եվ մենք իրավունք չունեինք այդ մանդատով նպաստել նախկինների կամ ներկաների վերարտադրությանը, մենք դա անելու պատվիրակված չենք եւ դա մենք քաջ գիտակցում ենք։ Միեւնույն ժամանակ, ուզում եմ ասել, որ ամենայն հարգանք ունեմ ընտրություններին մասնակցող մեր բոլոր բնակիչների նկատմամբ՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից։ Նաեւ կարծում եմ, որ մեզ ձայն չտվողները սկզբունքային անհամաձայնություն չէին ունենա, եթե իրենց տրված մանդատի միջոցով «Ապրելու երկիրը»՝ իմ առաջնորդությամբ, ստանձներ համայնքի կառավարումը։ Հետեւաբար, քաղաքական ուժերը չունեին կաշկանդվածություն մեզ ընտրելու։ Ինչեւէ, համաձայնություն չկայացավ, մեծամասնություն չձեւավորվեց, եւ մենք գնացինք նոր ընտրությունների միջոցով իրական ընտրական պատկեր ստանալու ճանապարհով։
-Կառավարող ուժը, մասնավորապես նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանը մանդատներից հրաժարվող ուժերին մեղադրում է համայնքի ու սիսիանցու շահի մասին չմտածելու մեջ։ Մասնավորապես՝ սուբվենցիոն ծրագրերի ընդհատում, աշխատավարձերի չվճարում․․․ Ի՞նչ կասեք այս առումով։
-Դա տարրական անտեղյակության դրսեւորում է։ Մի հարց տամ եւ դրանով պատասխանած կլինեմ այդ հիմնազուրկ հայտարարությանը․ իսկ ինչո՞ւ է որեւէ մեկը վստահ, որ, լինելով փոքրամասնության մեջ, բերելու է ծրագրեր, նախագծեր, ու ավագանին կողմ է քվեարկելու։ Մեզ մեղադրողներն այդքան հեռատեսություն անգամ չունեն, հետեւաբար, ինչպե՞ս կարող են ղեկավարել այդքան զգայուն սահմանամերձ Սիսիան համայնքը։ Ինչ վերաբերվում է աշխատավարձերին, մնացյալ աշխատանքներին, ամեն բան իր բնականոն հունով ընթանալու է, եւ կարիք չկա շանտաժի ու հասարակությանը ահաբեկելու փորձեր անել, սիսիանցին գրագիտություն ունեցող քաղաքացի է։
–Արտահերթ ընտրությունների դեպքում նորից մասնակցելո՞ւ եք «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով։
-Այո՛, նոր ընտրություններին ես նորից գլխավորելու եմ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը։ Պետք է ասեմ, որ այս ընթացքը, հետընտրական զարգացումները, մեր թիմի, մեր քաղաքական ուժի եւ ինձ համար յուրահատուկ փորձաշրջան էին՝ անկախ ամեն ինչից, տարատիպ գայթակղություններից, մենք հավատարիմ մնացինք մեկս մյուսին եւ մեր սկզբունքներին։ Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։
Մեզ համար ի սկզբանե կարեւոր է եղել Սիսիանում առողջ ընտրությունների անցկացումը եւ դրա միջոցով համայնքի կառավարումը ձեւավորելը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը նպատակ ունի լիարժեք պատասխանատվություն ստանձնել համայնքի ճակատագրի համար՝ համայնքի բնակիչների աջակցությամբ եւ օր առաջ Սիսիան համայնքը վերածել մեր երկրի ամենաարագ զարգացող համայնքներից մեկի։ Սիսիանցիները արժանի են դրան։
Զրուցեց Արմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Լուսանկարը Արա Զաքարյանի ֆեյսբուքյան էջից։