«Թուրքիան չի բացելու իր սահմանը։ Թուրքիան հիմա այդ դիրքերից հանդես է գալիս, որ Ադրբեջանի՝ այս պահի, այսրոպեական ցանկությունը Հայաստանը բավարարի»,- «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի համար Հայաստան պետության գոյությունն ինքնին անընդունելի է։ Հայկական պետականության վերացումը նրանց պատմական նպատակն է։ Կարեն Ճշմարիտյանը վրդովվեց՝ ցեղասպանողն ի լուր աշխարհի հայտարարել է այդ մասին, իսկ միջազգային հանրությունը ոչ մի ծպտուն չի հանել։ Նա ասաց․ «Այսինքն՝ բոլորը համաձայն են, որ Թուրքիան իրականացնի հայոց ցեղասպանություն։ Այստեղ խոսել այն մասին, որ Թուրքիան նպատակ ունի ՀՀ-ի հետ որևէ կապեր հաստատել, չկա նման բան։ ՀՀ-ն նպատակ ունի նորմալ հարաբերություններ հաստատել բոլորի հետ։ Հայաստան ասելով՝ նկատի ունեմ հայ ազգը, ոչ թե նրան այս պահին ներկայացնողները, որ հայի արժանապատվության հետ ոչ մի կապ չունեն»։
Լրագրողների՝ Թուրքիայի հետ սահմանի բացմանը վերաբերող հարցերին ի պատասախան՝ Կարեն Ճշմարիտյանն ասաց՝ սահմանի բացում չի նշանակում սահմանի վերացում ու բերեց Իրանի հետ մեր հարաբերությունների օրինակը․ «Մեր սահմանն Իրանի հետ բա՞ց է, թե՝ ոչ։ Բայց մենք Իրանի հետ ունենք ազգերի առավելագույն բարենպաստության ռեժիմ, որը սահմանում է որոշակի տուրք ապրանքների համար և 80 միլիոնանոց Իրանը մեր շուկան բաց ինտերվենցիայի չի ենթարկել՝ չնայած, որ շատ ապրանքատեսակների գծով իրենց ապրանքների որակը գերազանցել է թուրքականին․ գնային ավելի էժան են։ Բայց մեր շուկայում իրենք հեգեմոնի դեր չունեն։ Իրենց պետությունը նման խնդիր չի դրել, նաև հնարավորություն ունեն մեզ հետ համագործակցելու, որ բավականին բարձր մակարդակի վրա է եղել միշտ»։
Ըստ բանախոսի՝ մենք Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցը այսպես ասած գերագնահատում ենք լավ ու վատ իմաստով։ Նա ասաց․ «Նրանք, ովքեր դրա մեջ փնտրում են այսրոպեական տնտեսական ցնցող շահավետություն և նրանք, որոնք գտնում են, որ եթե գա մի օր, որ մեր սուբյեկտներն իրար մեջ կարողանան առևտուր անել, սահման բացելը դա է։ Թուրքական ապրանքը կգրավի մեր շուկան։ Ճշմարտությունը մեջտեղում է։ Մինչև Թուրքիայի սահմանը բացելը՝ մենք ու Թուրքիան՝ որպես տնտեսական գործընկեր պետք է իրար ճանաչենք։ Այսօր մեր միջև ոչ մի կանոնակարգող փաստաթուղթ չկա, նույնիսկ որպես ԱՀԿ անդամ երկրներ իրար չենք ճանաչում»։
Կարդացեք նաև
Կարեն Ճշմարիտյանն ասաց․ «Ոչ մեր ապրանքը Թուրքիայում, ոչ էլ թուրքական ապրանքը ՀՀ-ում՝ օրինական որպես այդպիսի ծագում ունենալու համար հիմքեր չկան։ Որ այդ հիմքերը ստեղծվեն, նախ որպես ԱՀԿ անդամ երկրներ պիտի ճանաչենք իրար, հետո համաձայնագրեր լինեն, հետո դիվանագիտական հարաբերություններ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մեծ իրավական բազա պիտի ստեղծվի»։
Խոսելով քաղաքական իրավիճակի մասին՝ նա ասաց․ «Բանակցողին փոխենք, ամեն ինչ փոխվելու է։ Չեն լինի բանավոր պայմանավորվածություններ, չի լինի անարժանապատիվ կեցվածք, Թուրքիայի ու Ադրբեջանի հոխորտանք։ Երբ պարտավորություններդ չես կատարում՝ դա բացատրելով ճնշումներով, դու պետք է գնաս, որ գտնվեն մարդիկ, որոնք կարող են այդ հարցերը լուծել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ