Թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն չի վերակնքվել: Սեդա Հակոբյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսն է, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի կինը։
Քաղաքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ վարչական շրջանի ղեկավարների իրավասության տակ է մանկապարտեզների տնօրենների հետ աշխատանքային պայմանագիրը վերակնքելու հարցը, վարչական շրջանի ղեկավարն է որոշում՝ վերակնքե՞լ, թե՞ ոչ:
Վարչական շրջանի ղեկավարը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց, իսկ նրա տեղակալ Սերոբ Սարգսյանը խորհուրդ տվեց հարցերը գրավոր ուղարկել:
Եթե աշխատանքային պայմանագիրը չի վերակնքվում, ապա օրենքով սահմանված կարգով տվյալ մանկապարտեզում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվում, որին կարող է մասնակցել նաեւ նախկին տնօրենը: Գալուստ Սահակյանի հարսի տնօրինած մանկապարտեզն արդեն մի քանի օր է՝ տնօրենի նոր պաշտոնակատար ունի: