«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկիրը տեղափոխում է ռազմական ռելսերի վրա, ՌԴ-ում կառավարման համակարգը վեր է ածվում ադմինիստրատիվ ուղղահայացի, իսկ դա նշանակում է, որ ինքը պատրաստվում է տեւական ու բավականին ծանր պատերազմի»,- «Հայելի» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը՝ ռազմական դրություն հայտարարել Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժյեի մարզերում:
Ըստ ՀՀԿ-ական գործչի, այն, ինչը պետք է տեղի ունենա առաջիկայում՝ կլինի աշխարհի վերափոխման սկիզբը: Իր գնահատմամբ, ուկրաինական հակամարտությունը նոր փուլ է մտնում, որը դժվար թե արագ ավարտվի, անգամ եթե ռազմական գործողությունները հաջողվի արագ ավարտել, դրա հետեւանքները դեռ երկար կմնան: Այս համատեքստում, անդրադառնալով Հարավային Կովկասին եւ այս տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, Գագիկ Մինասյանն ասաց, որ ամեն ինչ էապես կախված է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններից: Զուգահեռներ անցկացնելով առաջին աշխարհամարտում զարգացումների հետ, բանախոսը նկատեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն իր հույսն այն ժամանակ կապեց տարածաշրջանից դուրս պետությունների հետ եւ իրավիճակից մեծ կորուստներով դուրս եկավ, երկրորդ աշխարհամարտի ժամանակ արդեն Հարավային Կովկասը գտնվում էր ԽՍՀՄ կազմում ու Հայաստանը կարողացավ ոչ մեծ կորուստներով դուրս գալ: Հիմա կրկին մի փուլ է, որը պահանջում է կողմնորոշվել եւ Ադրբեջանն ակնհայտորեն իր ճակատագիրը կապում է տարածաշրջանային պետությունների՝ Թուրքիայի եւ ՌԴ-ի հետ. «Սակայն, այստեղ մի հանգամանք կա, որը, կարծում եմ, էապես կօգնի մեզ ճիշտ կողմնորոշվել առաջիկա զարգացումների առումով. չափազանց կարեւոր է, որ տարածաշրջանի երկու պետություն՝ ԻԻՀ-ն եւ ՌԴ-ն նույն ճամբարում են գտնվում: Աննախադեպ մի բան է, որ որեւէ երկիր այդպես անթաքույց օգնում է ՌԴ-ին: Այս տանդեմը, կարծում եմ, անխախտ կլինի մինչեւ այս փուլի ավարտը՝ էական նշանակություն ունենալով Հարավային Կովկասի ճարտարապետության մեջ եւ դա ՀՀ-ի համար լավ կողմնորոշիչ է»:
Նաեւ, ըստ բանախոսի, ԻԻՀ-ն բավական պատվախնդիր է եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում վերջին զորավարժություններով հստակ ցույց տվեց, որ ամուր կանգնելու իր հայտարարության ակունքում ու Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն թույլ չի տալու:
Բանախոսը նաեւ կարծիք հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները ևս կարող են որոշակի տրանսֆորմացիաներ ապրել՝ կախված եկող տարի Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից: Ի դեպ, ըստ տարբեր վերլուծությունների, Թուրքիայի ներկայիս նախագահի վարկանիշը էականորեն նվազել է ու այդ միտումը կարող է շարունակվել՝ երկրում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ելնելով այս իրողություններից, Գագիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դիրքավորվի իր բնական դաշնակիցների թեւում:
Կարդացեք նաև
Ընթացող զարգացումների ֆոնին, ըստ Գագիկ Մինասյանի, հավաքական Արեւմուտքի խնդիրը ՌԴ-ի դիրքերը հնարավորինս թուլացնելն է եւ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելը՝ հնարավոր կլինի՞ դա անել Հարավային Կովկասում՝ կանեն Հարավային Կովկասում, հնարավոր կլինի՞ դա անել Միջին Ասիայում՝ կանեն Միջին Ասիայում:
ՀՀԿ-ական գործիչը նաեւ համոզված է՝ եթե Հայաստանում հաջողվի հեռացնել կապիտուլյանտ իշխանությանը, տարածաշրջանային վերափոխումների փուլում հնարավոր կլինի վերադարձնել շատ բաներ, ինչը գործող իշխանությունը վերջին 4-5 տարում կորցրեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ