Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անել, որպեսզի հայերը Հայաստանից չգնան, իսկ գնացածները՝ հետ գան»․ «Ապագա հայկականը» լուծումներ է փնտրում

Հոկտեմբեր 20,2022 17:21

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան, որի ձեւաչափը մասնակցային ժողովրդավարության մոդելն է՝ բավականին տարածված միջազգային փորձում։ Այն թույլ է տալիս հասարակության կարծիքը լսել, ներուժն ու գաղափարներն ուղղորդել ճգնաժամային իրավիճակներում ելքեր փնտրելուն։ Համաժողովը կկայանա 2023թ․-ի մարտի 10-12-ը․ ՀՀ-ի, Արցախի եւ սփյուռքի 200 ներկայացուցիչների մասնակցությամբ սպասվելիք համաժողովը քննարկելու է «Ապագա հայկականը» հիմնադրամի նախանշած 15 նպատակներից 3-ը՝ «ՀՀ-սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ»։

«Բնակչության աճ»-ի նպատակն է՝ կենտրոնանալ Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին լուծում տալու վրա՝ Հայաստանի ապագան երաշխավորելու համար ապահովելով բնակչության աճ, հայրենադարձություն եւ մասնագետների ներհոսք: Այս նպատակներին ծառայող փորձագիտական հանձնախումբը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արդեն երրորդ հանդիպում-քննարկումն ունեցավ, որի ընթացքում մասնագիտական տեսակետներ, վերլուծություններ ու առաջարկներ հնչեցին։

«Մեր նպատակն է՝ մշակել հնարավոր սցենարներ, ուղղություններ, գուցե եւ ծրագրային լուծումներ եւ դրանք ներկայացնել սպասվելիք համաժողովի քննարկմանը»,-ասել է «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։ Նա շեշտել է, որ հանձնախումբը չի առաջնորդվում կոնսենսուսի սկզբունքով, ուստի համաժողովի քննարկմանը կարող են դրվել տարբեր, անգամ՝ իրար հակասող գաղափարներ ու առաջարկներ․ «Համաժողովը սովորական սոցիալական հարցումներից տարբերվելու է նրանով, որ ունենք ուսուցման փուլ։ Մասնակիցներն առաջին օրն ամբողջությամբ ծանոթանալու են եղած նյութին, եւ դրա հիման վրա ծավալելու են քննարկումները»։

Արմինե Հովհաննիսյան

«Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավարն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանն է։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծում է, որ «Ապագա հայկականը» հիմնադրամի ձեռնարկած այս թեմաների քննարկումները շատ կարեւոր են ներկայիս Հայաստանի համար․ «Փորձում ենք լուծումներ գտնել։ Հարցերից են ժողովրդագրությունը, արտագաղթը, ներգաղթը։ Փորձագետները տարբեր առաջարկներ ունեն, եւ կարեւոր է, որ բաց քննարկում ունենանք։ Միայն բաց քննարկման դեպքում կարող ենք ընտրել այն գաղափարները, որոնք առավելագույնս կօգնեն ՀՀ-ին։ Այս հանձնախմբի աշխատանքի նպատակն է, որպեսզի Հայաստանը չհայաթափվի, ունենա մեծ թվով հայեր, որոնք ներգաղթ կանեն եւ կամրացնեն տնտեսությունը, մշակույթը եւ այն բոլոր գործոնները, որոնց հետ մեր քաղաքացիներն առնչվում են»։

Տիկին Հովհաննիսյանի խոսքով՝ ժողովրդագրության ընդհանուր պատկերի հիման վրա կատարվելու են վերլուծություններ, ի հայտ են բերվելու ռիսկերն ու խորքային խնդիրները․ «Բավականաչափ ուսումնասիրություն արդեն իսկ կա։ Ամեն տարի մեր հազարավոր հայրենակիցներն արտագաղթում են։ Ի՞նչ անել, որպեսզի նրանք չգնան եւ ի՞նչ անել, որպեսզի գնացածները հետ գան։ Սփյուռքի մեր հայրենակիցները եւս պետք է հնարավորություն ունենան ՀՀ վերադառնալու։ ՀՀ-ն այսօր ամենալավ պայմանները չի առաջարկում։ Կան պատերազմի հետեւանքներ, սոցիալական բարդ հարցեր։ Սպասենք, որ լուծում գտնենք եւ հետո՞ հրավիրենք մարդկանց։ Կարծում եմ՝ այդպես արդեն ուշ կլինի, պետք է բոլորս մեր մեջ ուժ գտնենք հասկանալու, որ ճակատագրական ժամանակահատվածում ենք ապրում։ Իհարկե, ամեն մեկն ինքն է որոշում, թե պատասխանատվության ինչպիսի աստիճան կրի, սակայն, եթե որեւէ հայ երբեւէ մտածել է, որ ուզում է հայրենիքը զարգացնել եւ ուժեղացնել, ապա սա է պահը։ Սա կարող է լինել վերջնական գիծը, ուստի մեր կոչն է բոլոր հայերին՝ համախմբվել Հայաստանի շուրջ, անգամ, եթե հնարավորություն չկա հենց ՀՀ-ում ապրելու։ Կարելի է օգնել ՀՀ-ին զարգանալ եւ դարձնել այնպիսի երկիր, որտեղ մարդիկ գալիս են ապրելու համար, այլ ոչ թե նրա համար, որ իրենց ստիպել ենք գալ։ Ոչ։ Մարդը պետք է ուզի ապրի մի երկրում, որտեղ ապահով է, որտեղ հնարավոր է սովորել, աշխատել, արարել։ Այդպիսի Հայաստան ունենալու համար բոլորս պետք է ներդրում ունենանք»։

Արմինե Հովհաննիսյանը նաեւ նշում է, որ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծումը սերտորեն առնչվում է մեր սփյուռքի հետ․ «Ամեն անգամ, երբ խոսում ենք ներգաղթից կամ արտագաղթից, արդեն իսկ առնչվում ենք հայկական սփյուռքին։ Նաեւ հիշենք, որ մեծ թվով հայեր ունենք տարբեր երկրներում, հետեւաբար, ինչպե՞ս պետք է առնչվենք նրանց հետ, որպեսզի նրանց համար նաեւ ապահովություն առաջարկենք․․․այս քննարկումներից արդյունքներ, միանշանակ, ակնկալում եմ, այլապես այստեղ չէի լինի, բայց այսօր դժվար է խոսել ակնկալիքների մասին, որովհետեւ նոր ենք սկսում, նոր մտքեր ու հարթակներ ձեւավորում։ Հանձնախմբի անդամների հետ արդեն իսկ ունեցած շփումները ցույց են տալիս, որ կա մեծ ներուժ։ Երբ հավաքվում են այսքան խելացի եւ արարող մարդիկ, արդյունք, միանշանակ, կունենանք»։

Տաթեւիկ Բեժանյան

Հանձնախմբի անդամ, «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն իր հերթին ասում է, որ բնակչության աճի մասին խոսելիս առաջնահերթ ի հայտ է գալիս ՀՀ եկած, սակայն այլ երկիր մեկնել պատրաստվող քաղաքացիների հարցը․ «Սա զգայուն խնդիր է, որովհետեւ եթե մինչեւ 2020թ․-ը մեկնելու պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական էին, ապա հիմա ավելացել են նաեւ անվտանգային հարցերը։ Եթե մինչեւ 2020թ․-ը կարող էի խորհուրդ տալ անել այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեին մեկնելը նվազեցնելուն, ապա հիմա այդ աշխատանքներն ավելի ընդգրկուն պետք է լինեն, որովհետեւ անվտանգային գործոնը դարձել է գերակշռող։ Հաշվի առնենք նաեւ, թե ՀՀ-ից ո՞ւր են մեկնում մեր քաղաքացիները։ Մեր հիմնական միգրացիոն ուղղվածությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։ Աշխատանքային միգրացիայի դեպքում խոսքը մինչեւ 96%-ի մասին է, սակայն այսօր, հաշվի առնելով ՌԴ-ում կատարվող իրադարձությունները, մեր միգրացիոն հոսքերում տրամադրությունների փոփոխություններ կան։ Եվրոպական երկրները դեռեւս փակ են, բայց լուրջ տրամադրվածություն կա ԱՄՆ-ի հանդեպ։ Այդ ուղղությամբ գնում են նրանք, ովքեր պատրաստ են մեծ գումարներ ներդնել եւ երբեմն անօրինական ճանապարհով այդ երկրում հայտնվել։ Սա լուրջ վտանգներ ունի, որովհետեւ երբեմն հաշվի չեն առնում հնարավոր ռիսկերը։ Ինչ վերաբերում է վերադարձողներին, ապա այս պահին ունենք կամավոր-պարտադիր վերադարձածներ։ Դրանք ԵՄ գնացած անձինք են, որոնք փորձում էին կարգավիճակ ստանալ, սակայն մերժվել են։ Իսկ Ռուսաստանից եկող հոսքերի պարագայում դրական է, որ մեր հայրենակիցները վերականգնում են ՀՀ քաղաքացիությունը։ Բայց որքանո՞վ նրանք կշարունակեն մնալ Հայաստանում, առաջիկայում կվերադառնա՞ն ՌԴ, թե ոչ, այդ մասին տվյալներ այս պահին չկան։ Այստեղ մտածելու տեղ ունենք։ Ի՞նչ անել, որ իրենք մնան։ Սիրիահայերի դեպքում մեծ մասին ՀՀ-ում պահել չկարողացանք, թեեւ հնարավոր էր»։

Հեղինե Մանասյան

Հանձնախմբի մեկ այլ անդամ, տնտեսագետ Հեղինե Մանասյանն էլ կարծում է, որ ցանկացած մեծ գործ համազգային, համահայկական համաձայնության կարիք ունի․ «Այսօր ակնհայտ է, որ մենք ազգի, երկրի զարգացման երկարաժամկետ տեսլական չունենք, մինչդեռ մարտահրավերներն ամենուր են՝ ներսում եւ դրսում։ Այդ տեսանկյունից նման նախաձեռնությունները, խմբային, խորացված քննարկումներն ու դրանց համադրումները, դրանց հիման վրա կազմված գործողությունների ծրագրերն անչափ կարեւոր են, միաժամանակ՝ ժամանակատար։ Բայց հարցերի մեծ մասը հրատապ լուծումներ են պահանջում»։

Ըստ տիկին Մանասյանի՝ անգամ ամենափորձառու տնտեսագետները չեն կարող որեւէ հեռանկար մատնանշել, որովհետեւ աշխարհաքաղաքական փոփոխությունները հիմա չափազանց ինտենսիվ են․ «Որեւէ կերպ կանխատեսել, թե ինչպիսին է զարգացման հետագիծը, հնարավոր չէ, թեեւ բոլորն են հակված ազգային տնտեսությունները կայուն պահելու ուղղությամբ ջանքեր գործադրելուն։ Այդուհանդերձ, հիմա աշխարհում շատ բան է փոխվում, մենք էլ սովորելու շատ բան ունենք։ Օրինակ՝ կրիպտոարժույթներ, ներդրումների տարաբնույթ հարթակներ, որոնք եւ հնարավորություններ են բացում, եւ հսկայական ռիսկեր են պարունակում։ Դրանց տեր կանգնելու համար մեծ գիտելիք է պետք՝ տեսական, գործնական։ Թվային միջավայրում խոսելու փորձը չափազանց կարեւոր է»։

Հեղինե Մանասյանը գտնում է, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է համաձայնել ՀՀ-ի երկնիշ տնտեսական աճի տեսլականին, բայց պետք է հաշվի առնել նաեւ երկարաժամկետ հեռանկարի մարտահրավերները․ «Պատերազմի հետեւանքով մենք բազմաթիվ կորուստներ ունեցանք՝ մարդկային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ․․․այն տագնապը, որը ողջ ազգն է հիմա ապրում ամեն օր, լուրջ մարտահրավեր է եւ հսկայական ներդրումներ, մեծ համախմբվածություն է պահանջում յուրաքանչյուրիցս»։

Թե ինչ առաջարկներ կան ՀՀ-ում ժողովրդագրական պատկերի բարելավման վերաբերյալ, տիկին Մանասյանն ասում է․ «Այսօրվա քննարկման թեման նաեւ դրան է վերաբերում՝ բնակչության հնարավոր ներհոսքին։ Մշտապես մտածել ենք ծնելիության աճի ուղղությամբ, եւ պետության քաղաքականությունն էլ է դրան ուղղված եղել։ Ցավոք, տնտեսությունը չի ունեցել այն կարողությունն ու աշխատատեղերը, որպեսզի ՀՀ քաղաքացիներն անգամ չթողնեն իրենց տունը, ընտանիքը ու չգնան արտագնա աշխատանքի։ Սիրիական ճգնաժամի ընթացքում սիրիահայերի մեծ ներհոսք եղավ ՀՀ, եւ խնդրին առաջին անգամ հենց այդ ժամանակ բախվեցինք։ Պետք էր հասկանալ՝ ներհոսքի հետ ի՞նչ անել, որովհետեւ մարդիկ բազմաթիվ կարիքներ ունեն՝ լեզվական տարբերություններ, կացարան, կենցաղային հարցեր, կրթություն։ Արդյունքում շատերը մեկնեցին այլ երկրներ։ Խնդիրները շատ են եւ պետք է աշխատել ոչ թե դրանց դեմ, այլ դրանց հետ։ Շատ խնդիրների վերաբերյալ պատասխաններ այսօր հանրությունը չունի, եւ անորոշությունը, տեղեկատվության պակասը հանգեցնում են շատ վախերի ու մտահոգությունների, որոնք էլ իրենց հերթին կասեցնում են գործողությունները։ Ուստի շատ բան ունենք անելու»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31