Հոկտեմբերի 13-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը: Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի միջից էլ կրակել են ու հեռացել:
Դեպքի վայրում հայտնաբերվեցին պարկուճներ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Հետագա միջոցառումներն Արտաշատի քրեական հետախույզներն իրականացրին Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի, պետական պահպանության գլխավոր վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացավ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ իր հետ բերելով «Մակարով» ատրճանակ` դատարկ փամփշտատուփով. ըստ նրա` ռեստորանի բակում մեքենայի միջից կրակել էր ապօրինի պահվող հենց այդ հրազենով:
Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն