Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարացման և ժողովրդավարության ամրապնդման հարցում

Հոկտեմբեր 20,2022 16:24

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, մասնակցել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» Արևելյան Հարևանության տարածաշրջանի ամենամյա համաժողովի պանելային քննարկմանը: Պաշտպանը ելույթ է ունեցել «Երկրի առաջընթացը բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:

Ելույթում Պաշտպանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարացման և ժողովրդավարության ամրապնդման հարցում՝ ջանալով կառուցել ամուր և դիմակայուն ինստիտուտներ։ Գրիգորյանը խոսել է ընտրական համակարգի բարեփոխումների մասին՝ նշելով, որ քանիցս անց են կացվել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այս գնահատականը վերահաստատվել է անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների կողմից։ Միևնույն ժամանակ նշել է, որ տեղական ընտրությունների անցկացումը շարունակում է խնդիրներ բացահայտել, որոնք պետք է հասցեագրվեն։

Պաշտպանը խոսել է նաև դատական համակարգի փոփոխությունների վերաբերյալ. «Հայաստանը դեռևս պայքարում է իր բարեփոխումների համար, որոնց նպատակն է ապահովել անկախ, հաշվետու և արդյունավետ դատական համակարգ՝ ինչ-որ կերպ բարձրացնելու հանրային վստահությունը համակարգի նկատմամբ։ Բարեփոխումների այս ոլորտը, իմ գնահատմամբ, վերջին տարիների ընթացքում մեկ քայլ առաջ է, երկու քայլ՝ հետ։ Միևնույն ժամանակ ողջունելի զարգացումներ են դատավորների համար բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրումը, հայտարարագրման առավել ամբողջական համակարգի ներդրումը, ինչպես նաև նոր մասնագիտացված դատարանների ստեղծումը»,- նշել է Գրիգորյանը:

Պաշտպանը ելույթում անդրադարձել է իրավապահ համակարգի բարեփոխումներին՝ կարևորելով քաղաքացիական վերահսկողության դերը՝ որպես ժողովրդավարական կառավարման հիմնաքար: Անդրադարձել է նաև գենդերային հավասարությանը, կանանց ներգրավվածությանը պետական կառավարման համակարգում:

Խոսելով բարեփոխումների խոչընդոտների, մարտահրավերների մասին՝ Գրիգորյանը ասել է. «Առաջին հերթին ամենամեծ մարտահրավերն անվտանգության անմիջական սպառնալիքներն են և շատ անկայուն անվտանգային իրավիճակը երկրում և տարածաշրջանում»:

Նրա խոսքով՝ այս մարտահրավերը եզակի է դարձնում Հայաստանի իրավիճակը ժողովրդավարական բարեփոխումների համար և շատ հաճախ ժողովրդավարության, մարդու իրավունքների օգտին կատարված ընտրությունը քննադատվում է շատերի կողմից. «Արդյո՞ք ժողովրդավարական ուղին տեղին է մեր երկրի անվտանգության մարտահրավերների համար, թե՞ օրինակ՝ ավտորիտար քայլերը կարող են ավելի լավ անվտանգություն ապահովել»։ Պաշտպանը շեշտել է, որ որքան էլ նման հարցերի առկայությունը բացատրելի է, այդուհանդերձ, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները անվտանգության կարևոր բաղադրիչներն են և Հայաստանը պետք է շարունակի այս ուղղությամբ առաջ շարժվել։

Պանելային քննարկմանը մասնակցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Համաժողովին ներկա էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության դեսպան Ջոն Գալագերը:
Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF) խիստ արձագանքող, հարմարվողական և պահանջարկի վրա հիմնված հիմնադրամ է, որը հիմնականում կենտրոնացած է մի շարք զարգացող երկրներում կառավարման և տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար տեխնիկական աջակցություն տրամադրելու վրա: 2017 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունը հավանություն է տվել «Լավ կառավարման հիմնադրամի» ընդլայնմանը` ներառելով Հայաստանը: Այս տարի Արևելյան հարևանության տարածաշրջանի GGF համաժողովը հոկտեմբերի 19-21-ը անց է կացվում Երևանում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31