Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայի հայկական հետքերով՝ տաղավար «Արմենիա»

Հոկտեմբեր 20,2022 16:13

Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսը (ВДНХ) շուտով տոնելու է հիմնադրման 85-ամյակը:

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, ցուցահանդեսի հիմնադրման իսկ օրվանից տարածքում ունեցել է իր ազգային տաղավարը, որը պատմական և վավերագրական նյութերի վկայությամբ՝ աչքի է ընկել առանձնահատուկ գրավչությամբ:

Այն նախագծել է հայտնի ճարտարապետ Կարո Հալաբյանը՝ 1939 թվականին, Սանահինի տաճարի մոտիվներով: Ավելի ուշ շենքը երեսպատել են վարդագույն տուֆով: Հայաստանի պատմական տաղավարը ցուցահանդեսի տարածքում հազվադեպ պահպանված մինչպատերազմյան կառույցներից է, որն այսօր ունի ՌԴ մշակութային պետական ժառանգության կարգավիճակ:

Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսը՝ ВДНХ-ն հիմնադրվել է 1939: Ավելի ճիշտ կլինի պատմել հետևյալ կերպ՝ 1935 թվականին, կոլխոզային շինարարության մեջ առաջատար ցուցանիշներ գրանցած աշխատավորների համամիութենական երկրորդ հավաքի ժամանակ (съезда колхозников-ударников), առաջարկ է հնչում, թե լավ կլինի կառուցել տարածք, որտեղ կցուցադրվեն սովետների երկրի աննախադեպ նվաճումները՝ գյուղատնտեսության ոլորտում: Առաջարկը արժանանում է բուռն հավանության, ինչը համարձակություն է հաղորդում մտահղացման հեղինակներին՝ հավերժացնել այն թղթի վրա և ներկայացնել ընկեր Ստալինի դատին:

Ստալինի խորաթափանց միտքը միանգամից գնահատում է, ժամանակակից լեզվով ասած՝ աննախադեպ այդ PR նախագիծը, որը նպատակ ուներ ի ցույց դնելու աշխարհին երիտասարդ սովետական կայսրության հզորությունը՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում: Ժողովուրդների առաջնորդը միանգամից ստորագրում է համապատասխան որոշումը և մի քանի տարի անց՝ 1939 թվականի օգոստոսի 1-ին մեծ շուքով բացվում են ցուցահանդեսը:

Արդյունքում այն, նույնիսկ, գերակատարում է իր առաքելությունը՝ Մոսկվա այցելող ոչ մի օտարերկրյա կառավարական պատվիրակություն չի հեռանում մայրաքաղաքից՝ առանց այցելելու ВДНХ:

Պատմության անիվը, սակայն, անցյալ դարի 90-ականներին հասնում է այն կետին, որտեղ ավարտվում է Սովետական Միության ընթացքը: Փլուզումից հետո, մոտ տասը տարի կայսրության ավերակների տակ մնացած՝ երբեմն ճարտարապետական մտքի թռիչք համարվող ВДНХ-ն, քարուքանդ է լինում՝ վերածվելով ինքնաբուխ շուկայի:

2002 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ՝ որոշում է կայացվում տարածքի տաղավարները տարեկան մեկ ռուբլի խորհրդանշական վարձավճարով հանձնել ԱՊՀ այն պատրաստակամ պետությունների տնօրինությանը, որոնք կհամաձայնեն վերանորոգել շինությունները իրենց հաշվին:

Տարածքում վերաբացված առաջին տաղավարը լինում է «Արմենիան»: Հայաստանին բաժին է հասնում 1953 թվականին կառուցված, նախկինում «Սիբիր» անվանումը կրած համար 68 տաղավարը, որը քայքայված է լինում մոտ 70 տոկոսով: Հայաստանի պատմական տաղավարը այդ պահին հանդիսանում էր մասնավոր սեփականություն:

Հայ գործարարները, սեփական միջոցներով վերանորոգում են Հայաստանին հատկացված նոր տաղավարը և այն սկսում է գործել 2000-ականների ոգուն համապատասխան՝ այսինքն` առավել ուշադրություն հատկացվում է Հայաստանի առևտրա-արդյունաբերական ներուժը ներկայացնելուն:

2019 թվականին «Արմենիա»-ն անցավ հիմնավոր վերանորոգման երկրորդ փուլ: Փոփոխության ենթարկվեց թե շենքի ներքին հարդարումը, թե տաղավարի աշխատանքի բովանդակությունը: Այսօր տաղավարը Մոսկվայում հայկական մշակութային հետագիծը ներկայացնող առանցքային հարթակներից մեկն է:

Նաիրա Բաղդասարյանի հեղինակած վավերագրական ֆիլմը մանրամասնորեն պատմում է «Արմենիա» տաղավարի անցյալն ու ներկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31