Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լսել, տեսնել ու զգալ անծանոթներին․ Գոհար Սարգսյանը փաստագրել է հույզերը

Հոկտեմբեր 20,2022 16:05

Մենակությունն ու օտարացումը ամենասարսափելին են, որ կարող են պատուհասել մարդկանց, դրանք հակամարդկային են։ Հենց այդ թեման է արծարծել Գոհար Սարգսյանը՝ իր «Անծանոթները Սենյակում» խորագրով անհատական ցուցահանդեսում, որ բացվել է Հայաստանի ազգային գրադարանում։ Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ նախագիծը անդրադառնում է համավարակի եւ պատերազմների հարուցած գոյաբանական ճգնաժամին։ Տարբեր մեդիաների միջոցով՝ գծանկար, քանդակ, անիմացիա, Գոհարը կարողացել է արտահայտել այն մարդկանց հույզերը, որոնք անցել են այդ փորձությունների միջով։
Գոհար Սարգսյանը նշեց, որ «Անծանոթներ» նկարչական շարքը ծնվել է հենց համավարակից հետո․ «Մարդկանց դեմքերն այդ շրջանում փակ էին, եւ դիմակներն ինձ խանգարում էին։ Ես փողոցով քայլելիս ուսումնասիրել եմ մարդկանց դեմքերը։ Ինձ միշտ հետաքրքրում են դեմքերը, որովհետեւ դեմքերը տեսնելիս՝ ես անծանոթության զգացողություն չեմ ունենում։ Երբ նայում ես մարդուն, ուզում ես հասկանալ նրան, արդեն նա քեզ հարազատ է դառնում։ Երբ մարդիկ փակում էին իրենց դեմքերը դիմակներով, ես կարոտում էի դեմքերը։

Այդպես սկսեցի «Անծանոթներ» շարքը, որը հետո զարգացավ, դարձավ անիմացիաներ, եւ եկավ մի պահ, որ պետք է արդեն իրենց մի տեղ հավաքեի։ Համավարակն իրենց հեռացրել էր, ես ընդհակառակը, փորձեցի մոտեցնել, դրա համար էլ խորագիրը դարձավ «Անծանոթները Սենյակում»։ Այդտեղ հարց առաջացավ՝ ե՞րբ են մարդիկ դառնում անծանոթ եւ որ պահից՝ հարազատ։ Ես հասկացա, որ կոնկրետ ինձ համար մարդիկ հարազատ են դառնում, երբ խոսում ես նրանց հետ, զգացմունքային կապ է ստեղծվում եւ անծանոթության զգացողությունն անհետանում է։ Գաղափարն այն էր, որ ցուցահանդեսի դիտորդները երկխոսության մեջ մտնեն իմ անծանոթների հետ ու կոտրեն անծանոթության, միայնակության, պատերազմների ու համավարակի հակամարդկային ժամանակահատվածը»։

Գոհար Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Հարավային Կովկասում արվեստի եւ մշակույթի զարգացման տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Հավելեց, որ ուրախ է «ոչ ցուցահանդեսային» տարածքում ՝ հենց Հայաստանի ազգային գրադարանում նախագիծն իրականացնելու համար․ «Ավելի լավ տարածք չէի կարող գտնել: Առաջին անգամ եմ աշխատում նման տարածքի հետ՝ գալերեաներից եւ ցուցասրահներից դուրս»։

Գոհարն ասում է, որ հարցեր ունի, դրանցից մեկն էլ «Ի՞նչն է մեզ մարդ դարձնում»։ Ցուցահանդեսին «դողացող» այս հարցերը դիտողներից պատասխան են պահանջում։ Հեղինակը հույս ունի, որ դրանք յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան կշարժեն․ «Երեւի ամեն մեկն իր համար կհասկանա, թե ուր ենք գնում, եւ ինչու է այս ամենը մեզ հետ կատարվում, ու ինչ պետք է անել մեր իրականությունը փոխելու համար»։

Ցուցահանդեսը յուրօրինակ էր ոչ միայն թեմայով, ընտրված տարածքի առանձնահատկություններով, այլ նյութի մատուցման եղանակներով։ Ցուցահանդեսի մի բաժինն էլ աուդիո նախագիծն էր, որը կոչվում էր «Ձայներ»։ Ցուցահանդեսի այցելուն կարող էր ականջակալների միջոցով լսել այդ ձայները։ «Հավաքել եմ տարբեր մարդկանց զգացմունքները, հիշողությունները վախերը համավարակից, պատերազմից հետո։ Տարբեր ազգի մարդիկ ինձ ձայնային հաղորդագրություններ են ուղարկել, թե ինչ են զգացել պատերազմի ու համավարակի ժամանակ։ Ցավոք, այդ շրջանում ամեն մեկն իր մեջ էր փակված եւ չէր կարողանում արտահայտվել, բայց ես ուզում էի բոլորին ասել՝ դուք ինձ համար կարեւոր եք, ձեր զգացողությունները կարեւոր են, եւ դուք մենակ չեք։ Հնարավոր է, որ այս աուդիոնախագիծը հետո շարունակվի։ Ինձ ուղարկված ձայնային հաղորդագրությունները տարբեր լեզուներով են, բայց դրանք մարդիկ են, որոնք այդ օրերին ապրել են Հայաստանում»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցրինք, թե իր հնչեցրած հարցերից որն է իր համար ամենակարեւորը, եւ ինչպես է անձամբ ինքը պատասխանում դրան։ Գոհարն առանձնացրեց «Ի՞նչն է մեզ մարդ դարձնում»։ Ապա ասաց, որ իր համար մարդացման ճանապարհը նախ եւ առաջ սկսվում է կարեկցանքից։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31