Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժումն ուսանողական է, եւ որեւէ քաղաքական ուժ չփորձի մոտենալ մեզ»․ բրյուսովցիներ

Հոկտեմբեր 20,2022 15:41

«Շատ եմ ցավում մեր երկրի վիճակի համար։ Այդքան կորուստներ ունեցանք, եւ այսօր հասել ենք նրան, որ մեր համալսարանն ենք արդեն կորցնում եւ չպետք է թույլ տանք դա։ Մեր երկրում չեն թողնում, որ մեր ընտրած մասնագիտությունը սովորենք ու ավարտենք»,-Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների՝ բուհերի միավորման դեմ բողոքի երթի ժամանակ այսօր հայտարարեց ԲՊՀ ուսանողներից մեկը։ Արդեն մեկ շաբաթ է, որ բրյուսովցիները դասադուլ են անում։

«Բրյուսովցիների հետ կատակ չեն անում։ Դա վտանգավոր է առաջնահերթ ԿԳՄՍՆ-ի համար։ Նման ամուր ընտանիք չկա։ Հպարտ եմ, որ Բրյուսովի ուսանող եմ։ Վստահ եմ, որ այդ համալսարանն եմ ավարտելու։ Չենք թողնելու, որ մեր մեծ ընտանիքը փորձեն քանդել»,-հայտարարեցին նրանք։

Ապա կոչով դիմեցին ՀՀ բոլոր այն ուսանողներին, որոնք գիտակցում են կրթության եւ բուհական մթնոլորտի արժեքը․ «Մեր համար մեր բուհը տուն է դարձել։ Բոլորին հորդորում ենք ժամ առաջ միանան մեզ։ Մտահոգ քաղաքացիներին, ծնողներին էլ է վերաբերում։ Երեք համալսարանի միավորումից կրճատվելու է 300-400 հաստիք, ոչ թե մի քանի, ինչպես փորձում են ներկայացնել։ Մտածենք նաեւ դասախոսների մասին։ Նրանք էլ են միացել մեզ։ Նախարարությունից մեզ ասում են, որ ոչ թե ձուլվում ենք, այլ միավորվում։ Բայց ինչպե՞ս չենք ձուլվում, եթե կորում է մեր անունը, մեր համալսարանի տված միջազգային դիպլոմը։ Եթե անձնակազմի կեսը զրկվում է աշխատանքից, եթե համալսարանը զրկվում է  իր մասնագիտություններից, էլ ինչպե՞ս չենք ձուլվում»։

Ուսանողներից մեկն էլ ասաց․ «Երեկ ընկերս զանգեց սահմանից, որը վեց ամիս է հասցրել սովորել Բրյուսովում։ Նա խնդրում էր, որ պայքարենք։ Ասում էր, որ նախարարին եթե տեսնեք, ասեք՝ թող հանգիստ թողնի կրթական համակարգը ու օգնի սահմաններն ամուր պահելուն»։

Ցուցարարները նաեւ ասացին․ «Շարժումն ուսանողական է, եւ որեւէ քաղաքական ուժ չփորձի մոտենալ մեզ ու պառակտել։ Արդեն յոթ օր է անցել, եւ ձեր փորձերն ապարդյուն են։ Բրյուսովը երբեք չի կուսակցականացվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31