Հոկտեմբերի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր:
««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Կարդացեք նաև
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այն իրավական ակտերը, որոնք հրապարակվում էին «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում, այսուհետ կհրապարակվեն «http://arlexis.am» կայքում, իսկ լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ դադարեցման մասին իրենց որոշումները, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները՝ դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում կհրապարակվեն իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում:
««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կողմից, ներկայացրել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նա բացատրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Գործող իրավակարգավորումներով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմված է դեպարտամենտից, քարտուղարությունից և խորհրդականներից: Մինչդեռ, մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների լիարժեք ու պատշաճ իրականացման համար անհրաժեշտություն է դառնում նաև մարդու իրավունքների պաշտպանի օգնականի պաշտոնի առկայությունը: Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել օրենքում:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրների և օրենսդրական բացերի կարգավորման, ոլորտի զարգացման հետ կապված լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտությամբ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը միտում ունի պարզեցնել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացվող գործառույթները, բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, գործառույթների իրականացման արդյունավետությունը, ապահովել համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը՝ նպաստելով տվյալ ոլորտում օրենսդրության կատարելագործմանը:
Առաջարկվող կարգավորման բնույթը պարզաբանել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը:
Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարել նորմատիվ իրավական ակտերի անվանումների հիշատակման օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցումներ, լրացումներ և փոփոխություններ:
Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Զոհված զինծառայողների ընտանիքներին ժառանգության իրավունքի պետական տուրքից ազատելու վերաբերյալ առաջարկը ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը խոստացավ քննարկել:
Քննարկումից հետո ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ներկայացված նախագծերին: Դրանք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին