Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն ևս շահագրգռված է խաղաղության պայմանագրի արագ ստորագրմամբ». Բենիամին Պողոսյան

Հոկտեմբեր 20,2022 15:29

«Իրավիճակը փոխվեց 2022-ի փետրվարի 24-ից հետո, երբ ՌԴ-ն սկսեց հատուկ օպերացիա Ուկրաինայում»,- «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկման ընթացքում կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Ըստ նրա՝ այժմ Ռուսաստանն օբյեկտիվորեն ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացրել է դեպի Ուկրաինա, ինչը նշանակում է Հարավային Կովկասում նրա ներկայության նվազում: Այս առիթով ասաց. «Մենք բոլորս գիտենք, որ ՌԴ-ն հիմնականում ընկալվում էր որպես գերտերություն ռազմական ուժի հիման վրա: ՌԴ-ի տնտեսությունն աշխարհում 12-13-րդ տեղում է: ՌԴ-ի նկատմամբ կա հարգանք, որը վախով էր ուղեկցվում առաջին հերթին ռուսական զենքի, զինուժի հզորության շնորհիվ՝ ոչ միայն միջուկային, այլև կոնվենցիոնալ: Սակայն այս վերջին յոթ ամիսները ցույց տվեցին՝ սատանան այնքան վախենալու չէ, ինչքան իրենից սարքում են: Տեսնում ենք, որ ՌԴ զինված ուժերը լուրջ խնդիրներ ունեն: Ուստի վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ փոխվում է: Փաստացի ՌԴ-ն պատերազմում է մոտ 50 պետության դեմ: Հասկանալի է, որ աշխարհի տնտեսապես զարգացած և հզոր պետությունների դեմ պատերազմելը սարսափելի բարդ խնդիր է և պահանջում է ռեսուրսների գերլարում: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել ելքը: Մեր տարածաշրջանում էլ Թուրքիայի և Ադրբեջանի մոտ սկսվում է ձևավորվել ընկալում, որ եթե ՌԴ զինուժն այդքան հզոր չէ, գուցե կարելի է նաև Հարավային Կովկասում ավելի ակտիվ լինել»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ 2022-ի փետրվարի 24-ից հետո խնդիր է դրված հնարավորինս ՌԴ-ին թուլացնել, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ակտիվորեն վերադառնում են մեր տարածաշրջան:

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դերակատարության մասին՝ նա ասաց. «Հենց ԱՄՆ-ն է, որ հիմա շրջանառության մեջ է դրել հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարը: Մինչև հիմա երբեք որևէ մեկը, այդ թվում եվրոպացիները, չէին դրել շրջանառության մեջ խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարը: Այդ գաղափարը շրջանառության մեջ դրվեց սեպտեմբերին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո»:

Ըստ նրա՝ մի կողմից կա այն ընկալումը, որ եթե նոր լայնածավալ պատերազմ լինի, դրա ելքը հօգուտ ՀՀ-ի չի լինելու, մյուս կողմից էլ Ադրբեջանը, լավ իմանալով սա, մահակը ձեռքին պահած ուզում է ՀՀ-ին ստիպել, որպեսզի միջազգային իրավունքին համաձայն՝ ֆիքսվի 2020-ի՝ իր հաղթանակը: Այնուհետև շարունակեց. «Ադրբեջանը միայն եռակողմ հայտարարությամբ չի բավարարվելու: Նա ինտենսիվ օգտագործում է իր զինված մահակը, որ այնպիսի պայմանագիր ստորագրվի, որը վավերացված կլինի խորհրդարաններում: Մյուս կողմից ԱՄՆ-ն ևս շահագրգռված է պայմանագրի՝ արագ ստորագրմամբ, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան ասում են, որ մենք կփորձենք աշխատել Ադրբեջանի հետ, որ հայերի անվտանգությունը երաշխավորվի, սկսվի նոր գործընթաց: Տրամաբանությունն այն է, որ դուք ստորագրեք խաղաղության պայմանագիր, սակայն դա չի նշանակի արագ հայաթափում, որովհետև գործընթաց կլինի, և տարիների ընթացքում արցախցիների նվազագույն անվտանգությունը կարող են ապահովել: Բայց գոնե Արցախում որևէ մեկն այս գաղափարներին կամ հավաստիացումներին չի հավատում»:

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը արձանագրելու է իրավական առումով, որ ՀՀ-ն պարտվել է: Ուստի շեշտեց. «Սա մի բան է, որը չի կարելի անել: Մյուս կողմից էլ, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, դա կլինի ի վնաս մեզ: Հետևաբար մնում է մանևրելու փոքր դաշտ: Փորձել հնարավորինս ձգձգել պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանին հույս ներշնչելով, որ պայմանագիր կստորագրվի, միջազգային ռեսուրսներ ներգրավել՝ նվազեցնելով Ադրբեջանի կողմից զինված մահակի օգտագործման հնարավորությունը»: Ըստ Բենիամին Պողոսյանի՝ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները կտեղավորի Ռուսաստան-Արևմուտք, կամ ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի պայքարի համատեքստում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31