Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՄԿՈւ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների վերաբերյալ օրենսդրական առաջարկությունները

Հոկտեմբեր 20,2022 15:17

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների վերաբերյալ օրենսդրական առաջարկությունների հանրային քննարկում։ Նախագիծը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող  «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խմբի կողմից։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Օրենսդրական առաջարկությունների քննարկվող փաթեթը շրջանառության մեջ է դնում հաշմանդամություն ունեցող անձանց ՄԿՈՒ հաստատություններում խելամիտ հարմարեցումների հասկացությունը։ Այն կծառայի որպես իրավական հիմք՝ Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հասանելիությանն ուղղված աջակցության հետագա մեխանիզմների մշակման համար։

Այս առաջարկությունների կյանքի կոչումը հնարավորություն կտա Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր հիմունքներով ստանալ կրթություն, ինչպես նաև պահանջել և ստանալ խելամիտ հարմարեցումներ՝ առանց հավելյալ վճարների: Սա կտրուկ կբարելավի ՄԿՈՒ հաստատություններում համապատասխան որակավորում և հմտություններ ձեռք բերելու վերջիններիս հնարավորությունները և կբարելավի նրանց անհատական զարգացումն ու կյանքի որակը: ՄԿՈՒ օրենքով նախատեսված պետական նպատակային ֆինանսավորմամբ` ՄԿՈՒ հաստատությունները կկարողանան կատարել հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության և ուսուցման արդյունավետության և ներառականության բարձրացմանն ուղղված խելամիտ հարմարեցումներ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային առումով:

Օրենսդրական առաջարկությունների փաթեթը ներկայացվեց «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի արտաքին փորձագետ Մուշեղ Հովսեփյանի կողմից, որին հաջորդեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան: Միջոցառումը շահագրգիռ կողմերի համար ծառայեց որպես արդյունավետ հարթակ՝ քննարկելու առաջարկվող փաթեթի  հիմնական դրույթները, ինչպես նաև համաձայնեցնելու դրա ընդունմանն ուղղված հաջորդ քայլերը:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը մեծապես կարևորում է կրթությանը և աշխատաշուկային հավասար հասանելիության ապահովման խնդիրները հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս առումով, ՄԿՈՒ հաստատություններում խելամիտ հարմարեցումների հասկացությունը, որն առաջարկվում է սույն օրենքի նախագծով և նախատեսված է լրացնել ՄԿՈՒ օրենքի այլ դրույթները, կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու հնարավորությունները:

Ծրագրի մասին

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի ՀՀ բոլոր մարզերից 15-29 տարեկան 10000 երիտասարդի զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։

 Ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի հոկտեմբերին՝ նպատակ ունենալով ընդլայնել երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հմտությունների զարգացման  հնարավորությունները, համապատասխանեցնել դրանք աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել նրանց ներգրավվածությանը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։

Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է պետական, կրթական ու մասնավոր հատվածների հետ համագործակցությամբ բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց մրցունակությունը՝ փոխելով հասարակության կարծրատիպերը և հանդես գալով քաղաքականության բարեփոխումների առաջարկներով։ Ծրագիրը կարձագանքի երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին և կհզորացնի նրանց կարողությունները մասնագիտական աճի և զբաղվածության համար նախատեսված ռեսուրսների և ծառայությունների հասանելիության բարձրացման միջոցով։ 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31