Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ռեկտորը դեռեւս ամռանը նախարարին պատասխանել է, որ դա ոչ իրատեսական է»․ Գրիշա Թամրազյան

Հոկտեմբեր 20,2022 14:44

«Իմ՝ փոխնախարար եղած ժամանակ քննարկումներ եղել են, բայց վերջնական որոշում չի եղել, թե ինչ չափանիշներով եւ ռազմավարությամբ են առաջնորդվելու։ Այդ ժամանակ խոսվել է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքն ընդունելու մասին, իսկ ռազմավարությունը քննարկման փուլում էր։ Միաժամանակ էին դրանք քննարկվում»,- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների դասադուլի ժամանակ այսօր անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի պնդմանը, թե բուհերը նախապես իմացել են միավորվելու մասին՝ ասաց համալսարանի ռեկտորի խորհրդական, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Նա նշեց․ «Եղել է բուհերի խոշորացման խոսակցություն, բայց կոնկրետ ծրագիր չի եղել։ Ես ներկա եմ եղել վարչապետի մոտ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի վերաբերյալ քննարկումներին, որոնց ժամանակ խոսք է գնացել բուհերն առողջացնելու ԿԳՄՍՆ-ի ցանկության մասին։ Այսօրվա հապճեպ որոշումը խոսում է նրա մասին, որ այստեղ ինչ-որ անձնական նկատառումներից եւ նախասիրություններից ելնելով՝ գործընթացներ են տանում։ Ի դեպ, «Բարձրագույն կրթության մասին» օրենքում հստակ ամրագրված է եղել, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ հիմա հրապարակված օրենքում դա բացակայում է։ Հիմա մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է․ նա նաեւ մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչը շահերի բախում է․․․ Օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում մեզ Ժաննա Անդրեասյանից չի տրվել հստակ պատասխան, որ նման նախագիծ է շրջանառվում։ Կրկնեմ, որ ամռանը նախարարի մոտ ռեկտորների հետ քննարկում է եղել, որտեղ ասվել է, որ ռազմավարությունից եւ օրենքից բխող բուհերի խոշորացման ծրագիր կա, եւ նախարարությունը մտածում է բոլորի հետ քննարկելուց հետո եզրահանգել երեք համալսարանները միավորելուն։ Տեղում մեր ռեկտորը նախարարին պատասխանել է, որ դա ոչ իրատեսական է։ Այսինքն, մենք հստակ դիրքորոշում ենք ասել։ Եթե որոշումը նորմատիվ իրավական ակտի տեսք չունի, հետեւաբար՝ առանց քննարկման, գաղտնի են որոշել։ Մեր բուհի ղեկավարության անունից եմ ասում, որ պայքարն անկասելի է»։

Մամուլում այսօր տեղեկություններ կային, որ երեք բուհերի միավորման արդյունքում ստեղծվելիք՝ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտի ռեկտոր է լինելու ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը։ Գրիշա Թամրազյանը հայտնեց, որ իր համար էլ է սա նորություն․ «Անձամբ չեմ տիրապետում նման տեղեկության, բայց չեմ էլ զարմանա։ Եթե առանց մեր համալսարանի հետ քննարկելու՝ նման նախագիծ են շրջանառում, չեմ զարմանա, որ հետո նման բան լինի»։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հոկտեմբերի 19-ին կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Նույն օրը ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը հայտարարել է՝ Վահրամ Դումանյանն իրեն միավորված բուհում բարձր պաշտոն է առաջարկել, հրաժարվել է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31