Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին, կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը ևս ավարտվել է: Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում: Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ:
Կարդացեք նաև
«Մեր իրականացրած 60-ից ավելի փորձաքննությունները տարվել են նաև այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։ Բայց մենք ունենք դիակներ, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը դժվարացավ նման դեպքերի թիվը հրապարակել, չցանկացավ նաև խոսել պատճառների մասին։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ