Լրահոս
Օրվա լրահոսը

«2020-ին պարտվեցինք, քանի որ պատրաստվում էինք լոկալ պատերազմի Ադրբեջանի հետ, բայց ստիպված էինք մտնել տարածաշրջանային պատերազմի մեջ՝ ալյանսի դեմ». Հրաչյա Արզումանյան

Հոկտեմբեր 20,2022 14:04

«Մենք պարտվեցինք օբյեկտիվորեն, որովհետև մենք պատրաստվում էինք ուրիշ պատերազմի: ՀՀ-ն պատրաստ չէր մտնել տարածաշրջանային պատերազմի մեջ»,- «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկման ընթացքում հայտարարեց Արցախի անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը:

Համաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում կլինեն քննարկումներ՝ նվիրված անվտանգային տեխնոլոգիաներին, տնտեսությանը և տնտեսական մրցունակությանը, երիտասարդության հիմնախնդիրներին, ազգային պետությանը և ազգային ինքնությանը, Սփյուռքի խնդիրներին և պետության արտաքին մարտահրավերներին:

Համաժողովին մասնակցում են գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների բարձրանուն փորձագետներ արտերկրից, Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

Ըստ Հրաչյա Արզումանյանի՝ 2020-ին մենք գտնվել ենք տարածաշրջանային պատերազմի մեջ: Նա պարզաբանեց. «Մինչդեռ մենք պատրաստվում էինք լոկալ պատերազմի Ադրբեջանի հետ, բայց ստիպված էինք մտնել տարածաշրջանային պատերազմի մեջ՝ ալյանսի դեմ, որտեղ մտնում է Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը: Մտել ես ուժային, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի կազմած ալյանսի դեմ պատերազմի մեջ և որպես հայ դիվանագիտության հետևանք մնացել ես մենակ մի ահռելի ալյանսի դեմ, և, բնական է, պարտվել ես: Սա 20-25 տարվա դիվանագիտության հետևանքն է»:

Խոսելով մեր կառուցած անվտանգային համակարգերի մասին՝ փորձագետն ասաց. «ՀՀ-ն կառուցել է անվտանգային համակարգ, որը գնահատել է ավելի լայն՝ ՌԴ-ի, տարածաշրջանային անվտանգային համակարգերի մի մաս: Ես էլ էի մտածում երեսուն տարվա ընթացքում, որ ՀՀ-ն պիտի գտնի ուժեղ դաշնակիցներ և հիմնվի նրանց հզորության վրա, կառուցի իր սեփական անվտանգային համակարգը: Ինձ համար հարց է առաջացել՝ եթե ՀՀ-ն մնում է մենակ՝ իրական դաշնակից չունի, արդյոք հնարավո՞ր է փոքր պետությանը մենակ դիմակայել ռազմական դաշտում և անվտանգության միջավայրում ուժային, տարածաշրջանային և համաշխարհային ուժային կենտրոնների: ՀՀ-ն նույնիսկ իր զինված ուժերի այն վիճակում, որ ունեցել ենք, կոռուպցիայով հանդերձ, հեշտությամբ կջարդեր Ադրբեջանին: Բայց արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ չեզոքացնել ութսուն միլիոնանոց թուրքական բանակին, կամ Իրանին, ՌԴ-ին: Ինձ համար հարց է առաջանում՝ հնարավո՞ր է կառուցել մի համակարգ, որը հիմնվում է իր ուժերի վրա և կարողանում է այդ հարցը լուծել»:

Հրաչյա Արզումանյանը օրինակ բերեց փոքր երկրների փորձը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներ՝ Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Ավստրիա, Իսրայել, Սինգապուր, Թայվան, որոնք հասել են հաջողության: Ըստ նրա՝ սկզբունքն այն է, որ նման անվտանգության պաշտպանության համակարգը պետք է հիմնվի ոչ թե միայն պետական ինստիտուտների վրա, այլ ողջ հասարակության վրա: Նրա համոզմամբ՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել համակարգ, որը կչեզոքացնի անգամ ալյանսի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31