Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն այսօր կառավարության դիմաց էին՝ դեմ արտահայտվելու երկու այլ համալսարանների հետ իրենց բուհի միավորման վերաբերյալ գործադիրի որոշմանը։ Կառավարությունից հայտնեցին, որ մի քանի հոգանոց պատվիրակություն կընդունեն՝ քննարկելու բուհի առաջարկների փաթեթը։
ԲՊՀ ռեկտորի խորհրդական, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետից պատասխան են ակնկալում․ «Երկուշաբթի օրվանից մինչեւ այսօր մեզ պատասխան չի տրվել մեր առաջարկների վերաբերյալ։ Մեր կետերը վերաբերում են կառավարության որոշման կասեցմանը։ Շեշտում եմ, որ մենք բաց ենք քննարկումների համար։ Պետք է ձեւավորվի ակադեմիական խորհուրդ, որը կսահմանի բուհերի միավորման չափանիշները։ Մամուլում տեղեկություն կա, թե մեր համալսարանը փակ է քննարկումների համար։ Մենք դեմ ենք առանց բուհերի կարծիքը հաշվի առնելու՝ դրանց միավորմանը։ Այս պահին քննարկման առարկա չի կարող լինել մեր համալսարանը մանկավարժականին միավորելը, որովհետեւ այս յոթ օրում ոչ մի հիմնավորում չլսեցինք։ Ուստի վարչապետին առաջարկում ենք ձեւավորել ակադեմիական խումբ»։
Կարդացեք նաև
Ավելի ուշ՝ կառավարությունից դուրս գալուց հետո, Գրիշա Թամրազյանը նշեց․ «Ասացին, որ մեր դիմումը հասցեագրվել է փոխվարչապետ, մեր համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանի գրասենյակ, պատասխանը դեռ պատրաստ չէ։ Պնդեցինք, որ հիմա պատասխան տան, որովհետեւ չորս հազար ուսանողների կրթության իրավունքն է խախտված, նրանք դասադուլ են անում եւ պատասխան են պահանջում։ Ասացին՝ ճշտենք, կպատասխանենք։ Սպասելուց հետո պատասխանեցին, որ ՀՀ են ժամանում այլ երկրների պատվիրակություններ, այսօր զբաղված են, ուստի վաղը ժամը մեկին մեր հարցերին կպատասխանի փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ Մենք ըմբռնումով մոտեցանք եւ վաղը մեր պատվիրակները գալու են կառավարություն։ Ասացի՝ վարչապետին փոխանցեք, որ յոթ օր դասադուլ է եւ լիազոր մարմնից որեւէ անգամ կոչ, հորդոր չի հնչել՝ լսարաններ վերադառնալու։ Մեր ուսանողները հանդիպել էին նախարարի հետ, այդ շոուի ժամանակ նախարարը չմտածեց անգամ լսարան վերադառնալու կոչ անել։ Սրանից համոզվում ենք, որ ԿԳՄՍՆ-ին չի հետաքրքրում 4000 ուսանողի կրթությունը, մինչդեռ նախարարն ինչ-որ մանիպուլյացիաների մասին էր խոսում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ