Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես կարող են փոքր, բայց խելացի երկրները «փրկել» աշխարհը. ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի նոր գիրքը

Հոկտեմբեր 20,2022 11:42

Ինչպես կարող են փոքր, բայց խելացի երկրները «փրկել» աշխարհը․ հենց այս մասին է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած նոր՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, որը վաճառքում կլինի 2023 թվականի հունիսից։

Գրքում Հայաստանի նախկին նախագահը պնդում է, որ փոքր պետությունները 21-րդ դարի բարդ մարտահրավերներին կարող են դիմակայել ավելի խելացի կերպով, քան մեծ տերությունները․ «Բազում առումներով փոքրը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, եթե խելացի է ու կարգապահ: Դա հսկա կայսրություն չէ, որը դժվար լինի ղեկավարել»:

Հրատարակիչ ընկերությունը՝ Hurst-ը, գրքի մասին համառոտագրում նշում է․ «Փոքր լինելը, ինչը հաճախ դիտարկվում է որպես թուլություն, կարող է ուժի վերածվել: Պետությունների համար փոքր լինելը կարող է նաև վստահության պակաս և անապահովության զգացողություն առաջացնել, սակայն, միևնույն ժամանակ, նրանց օժտել գոյատևելու բնազդով։ Մեծ պետությունները ծանրաքաշ են, իսկ փոքր պետությունները կարող են լինել ճկուն և շուտ ադապտացվող:

Հենվելով գիտնականի, գործարարի, դիվանագետի և պետության ղեկավարի իր փորձառության վրա ՝ Արմեն Սարգսյանն առաջարկում է փոքր պետությունների գրավիչ դիմանկարներ Աֆրիկայից մինչև Եվրոպա և Ասիա։ Այդ պետությունները կարողացել են հաղթահարել անհաղթահարելի թվացող խոչընդոտները՝ կայանալով որպես քաղաքական կայունության, մշակութային հանդուրժողականության, տեխնոլոգիական նորարարությունների, ֆինանսական խոհեմության և գիտական հետազոտությունների օազիսներ»։

Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, հնարավորություններն ու առավելությունները, գիտեն, թե ինչպես կարող են դրանք օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար, հաջողում են: Հայաստանի նախկին նախագահը, խոսելով այդ փոքր պետությունների՝ երբեմն անհստակ մեկնարկի մասին, այնուհետև անդրադառնում է նրանց անհավանական վերելքին, միաժամանակ, ներկայացնում հաստատակամ առաջնորդների մի խմբի, որոնք ճգնաժամը հնարավորության վերածելու հմտություն ունեն:

Փոքր երկրների կողմից բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների, կրթության, կառավարման հիանալի օրինակներ կան՝ Սինգապուրը, որի մասին շատ է խոսվում, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը, եվրոպական մի քանի երկրներ, որոնք փոքր են, բայց հաջողակ, օրինակ՝ Լյուքսեմբուրգը: Աֆրիկայում այսօր ծաղկուն երկիր է դարձել և ամբողջ աշխարհում ճանաչված է Ռուանդան:

Արմեն Սարգսյանին բնորոշելով որպես «համաշխարհային ասպարեզում ամենահայտնի հայերից մեկը»՝ հրատարակչատունը նշում է, որ նա գիրքն ավարտում է Հայաստանի մասին պատումով. «Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն և համաշխարհային ազգ»:

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31