Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ամսական 1 մլն 587 հազար դրամ կստանա. ստացվում է` Կարեն Անդրեասյանն ուզում է յուրացնել առավելությունները, որոնք սահմանված են վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար. «Հրապարակ»

Հոկտեմբեր 20,2022 10:54

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար սահմանել նաեւ ԲԴԽ նախագահի ու անդամների համար՝ հաշվի չառնելով, որ Կարեն Անդրեասյանը դատավոր չի եղել երբեք եւ չի կարող ստաժի համար նախատեսված այդ հավելավճարը ստանալ։

Որպեսզի հասկանանք, թե ինչ գումար է ենթադրում աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարը, պետք է կատարել մի քանի պարզ հաշվարկ։ Հայաստանում սահմանված բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամ է, ԲԴԽ նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, ստացվում է, որ ԲԴԽ նախագահը ստանում է 1 մլն 58 հազար դրամ աշխատավարձ, որի 50 տոկոսը կազմում է 529 հազար դրամ։ Այսինքն՝ Անդրեասյանի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 58 հազար + 529 հազար դրամ, ընդհանուր հաշվարկով՝ 1 մլն 587 հազար դրամ։ Տարվա ընթացքում Կարեն Անդրեասյանի միայն հավելավճարները կկազմեն 6 մլն 348 հազար դրամ։ Նախատեսված է, որ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի։

Ստացվում է, որ ԲԴԽ նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը կազմելու է 665 հազար 600 դրամ՝ ամսական, իսկ տարվա կտրվածքով՝ 7 մլն 987 հազար 200 դրամ։ 5 տարվա ընթացքում Անդրեասյանը կստանա 39 մլն 936 հազար դրամ հավելավճար՝ այն դեպքում, երբ նրա բուն աշխատավարձն էլ անհամեմատ աճած կլինի։ ԲԴԽ մեկ անդամի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 12 է, այսինքն՝ աշխատավարձը կկազմի 998 հազար 400 դրամ, որի 50 տոկոսը՝ հավելավճարը՝ 499 հազար 200 դրամ՝ ամսական, տարեկան ԲԴԽ անդամը կստանա 5 մլն 990 հազար դրամ հավելավճար: ԲԴԽ-ն ունի 9 անդամ եւ 1 նախագահ, եթե միմյանց գումարենք միայն 1 տարվա հավելավճարները, ապա այս թիվը կկազմի 61 մլն 900 դրամ։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը, որն այժմ ղեկավարում է Կարեն Անդրեասյանի երբեմնի տեղակալ եւ նրա մոտ ընկեր Գրիգոր Մինասյանը։ Կարելի է ենթադրել, որ Մինասյանը պետության հաշվին իր ընկերոջը լավություն է անում։ Իհարկե, ոչ առանց վարչապետի համաձայնության։ Նշենք, որ նախագիծն արդեն 4 օր է՝ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, 14 քաղաքացի քվեարկել է նախագծին, եւ բոլոր 14-ն էլ դեմ են քվեարկել, այսինքն՝ այս պահի դրությամբ սույն նախագիծը հանրային որեւէ աջակցություն չունի։ Բայց դա չի խանգարում, որ այն առաջիկայում ընդունվի։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31