Ադրբեջանը գրեթե ամեն օրվա կտրվածքով վերջին շրջանում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացում: Բացի այդ, կրկին նույն ոճով պարբերաբար հաղորդագրություններ տարածում՝ կեղծելով, թե իբր հայկական կողմն է սադրանքների դիմում: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանը հին ու բազմիցս կիրառված հնարքն է օգտագործում:
«Ինչպես Արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմի ավարտից հետո, հիմա ևս նույնը կասեմ՝ Ադրբեջանը հորինովի հաղորդագրություններով փորձում է բաց պահել պատերազմի դուռը: Այսինքն, ինչպես օգոստոսի 1-ին, սեպտեմբերի 13-ին, ինչ-որ մի պահի Ալիևն ասում է՝ «ես վրիժառության օպերացիա եմ իրականացրել, որովհետև հայերը կրակեցին, սպանեցին»: Պատերազմը սկսող ագրեսորը, եթե ուզում է մի քիչ իր միջազգային դեմքը պահել, միշտ դիմացինին է մեղադրում, ինչը հայտնի հնարք է»,ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս մոտեցումը ցուցաբերվում է նաև այն փուլում, երբ առաջ է տարվում խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, Մհեր Հակոբյանը նկատեց. «Մոտ 10-15 օր առաջ այդ թեմայով խոսակցություններն ավելի ինտենսիվ էին, հիմա, կարծես թե, ինտենսիվությունը մի քիչ նվազեց: Նախ՝ ասում էին՝ նոյեմբերի 1, ադրբեջանական կողմից էլ, սիմվոլիզմ հաղորդելով, ասում էին՝ նոյեմբերի 9, 10: Իհարկե, հարց է՝ խաղաղության պայմանագիրը կստորագվի՞, թե՞ ոչ, բայց, ամեն դեպքում, ավելի հավանական եմ համարում, որ ստորագրում չի լինի: Սակայն էականը ստորագրումը չէ: Եթե անգամ այդ թուղթը ստորագրվի, խնդիրը չի լուծվում: Իշխանություններն այնպես են ներկայացնում իրավիճակը, թե որ պահին այդ թուղթը ստորագրեցին, ամեն ինչ կավարտվի, ու ոչինչ այլևս չի լինելու: Բայց՝ ոչ: Մոտ հինգ օր հետո սահմանին կրկին կրակելու են, նորից Ալիևն ասելու է՝ «հայերը պայմանագիրը չպահեցին», նորից մենք ասելու ենք՝ «Ադրբեջանը կրկին սուտ է տարածում»»:
Նրա խոսքով, հարց է նաև այն, թե այդ պայմանագրում Արցախն այս կամ այն ձևով լինելու է, թե ոչ: «Հայերն ասում են՝ չի լինելու, Ադրբեջանն ասում է՝ լինելու է: Այստեղ ևս երկու տարբերակ կա. նույնիսկ, եթե Երևանը կանգնի, ասի՝ Արցախը քեզ, այդ դեպքում էլ խնդիրը չի լուծվի, որովհետև պաշտոնական Ստեփանակերտն ու ռուսները կասեն՝ Երևանն ով էր, որ Արցախը տար Ադրբեջանին: Երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեջ, երբ 2018-ին Փաշինյանն ասում էր՝ Արցախը պետք է հետ գա բանակցային սեղան, ասում էի՝ պետք չէ: Նաև ասում էի՝ երբ կգա այն սև օրը, որ Երևանն ինչ-որ պատճառով կհանձնի Արցախը, Արցախը մեր պաշտպանության երկրորդ գիծն է լինելու: Այսինքն, Ստեփանակերտը կասի՝ Երևանը մեր փոխարեն բանակցելու ի՞նչ լիազորություններ ունի, Ալիևն էլ երկու օր կայծակ, որոտ կանի, հետո գլուխը կախ կգնա Ստեփանակերտի ու ռուսների հետ բանակցելու: Մեծ հաշվով, Երևանին համոզելով, ստիպելով՝ Ալիևը ոչնչի չի հասնի»,-շեշտեց ռազմական փորձագետը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։