Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան․ «Ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»․ «Փաստ»

Հոկտեմբեր 20,2022 09:00

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլ յանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:

«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»:

Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա:

Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլ յանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչ-որ ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:

Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

Սուրեն Զոլ յանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31