Այս օրերին տեղի են ունենում երկու զուգահեռ գործընթացներ, որոնք առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, բայց խորքային առումով երեւույթի տարբեր դրսեւորումներն են: Մայր Աթոռը եւ Անթիլիասը հրաժարվել են մասնակցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Դա ցավալի փաստ է՝ ես շատ կցանկանայի, որ մեր հոգեւորականները նման որոշում չընդունեին: Բայց պատճառն, իհարկե, եկեղեցու լարված հարաբերություններն են այսօրվա իշխանավորների հետ, որոնք, գուցե ինչ-որ «եվրոպական հովերով», պաշտոնները ստանձնելուց ի վեր, կոպիտ հարձակումներ նախաձեռնեցին Հայ առաքելական եկեղեցու դեմ: («Եվրոպականը», բնականաբար, վերցնում եմ չակերտների մեջ, քանի որ հայտնի է, թե ինչ կարեւոր դեր է խաղում եկեղեցին, օրինակ, Լեհաստանի կամ Իռլանդիայի նման երկրներում): Ի դեպ, այդ հարձակումները նաեւ ուղիղ ճանապարհ էին Սփյուռքի հետ հարաբերությունները փչացնելու՝ հաշվի առնելով այն նշանակությունը, որը մեր հայրենակիցներից շատերի համար ունեն ՀԱԵ կառույցները:
Երկրորդ գործընթացը բուհերի միաձուլումն է՝ բարձրագույն կրթությունը «բարեփոխելու» պատրվակով: Որ կրթական համակարգը բարեփոխման կարիք ունի՝ կասկածից վեր է: Բայց բուհերի փաստացի լուծարումը դրա հետ կապ չունի. եթե քանդում ես եղածը՝ իր բոլոր թերություններով եւ, ըստ էության, տեղը ոչինչ չես դնում, ապա վիճակն իրականում ավելի է վատթարանում: Իմ տպավորությամբ՝ պատճառը քաղաքական է (եթե Բրյուսովի շենքի օտարումը մի կողմ թողնենք): Պատկերացրեք, որ այդ բուհերի ղեկավար կազմի անդամներն ամեն օր ֆեյսբուքում ստատուսներ գրեին՝ պաշտպանելով ներկայիս իշխանությանը եւ անիծելով դրա ընդդիմախոսներին: Արդյոք «կրթությունը բարեփոխելու» սուր անհրաժեշտություն կառաջանա՞ր:
Գեներալները դավաճան են, դասախոսները կաշառակեր են, հոգեւորականները «նախկինների» ծառաներն են: Այս քարոզչությունը միայն առաջին հայացքից է անմեղ ու երկրորդական թվում: Դա իրականում տգիտության, նիհիլիզմի եւ համընդհանուր դեգրադացիայի քարոզ է: Չեն լինելու մասնագետները, ուսուցիչները, հոգեւոր ծառաները, ովքե՞ր են նրանց փոխարինելու: Նրանք, ովքեր «հավատարիմ են 2018 թվականի հեղափոխության գաղափարներին»: Մենք արդեն ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ գիտելիքը փոխարինվել է «պրոլետարական բնազդով»: Կամ՝ այլ երկրներում՝ «ազգային բնազդով»: Դրա մասին կա Վլադիմիր Վիսոցկու երգը՝ թմբուկ խփող ոչխարների մասին:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բարեփոխում բառը հայերենում փոքր-ինչ այլ կերպ է ընկալվում։ Հաճախ՝ բառացի։ Բարձրագույն կրթության համակարգը պետք է փոխվի, ոչ թե բարեփոխվի։ Ընդհանրապես, տարբերություն չկա, թե կոնկրետ որ շենքերում և որտեղ են տեղակայվելու։ Չպետք է լինեն կրթական ցածր որակ ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Եվ իմ կարծիքով այս հարցում սխալ է «ավելի լավ է ունենալ գոնե վատերը, քան ընդհանրապես չունենալ» մոտեցումը։ Հայաստանն ունի բավարար թվով ոչ պետական բուհեր։
Սովորելու ցանկություն ունեցողները սովորելու տեղ ունեն։ Որքան հեշտ է բարձրագույն կրթություն ստանալը, այնքան ցածր է դրա որակը։ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում մոտ 4000 ուսանող ունեցող 4 պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները միանգամայն բավարար են՝ ավելի քան բավարար։ Վատը պետք չէ զարգացնել այն հույսով, որ այն հանկարծ հրաշքով լավը կդառնա։ Փորձը ցույց է տալիս, որ լավ չի դառնում։ Թերեւս չափազանց կատեգորիկ է թվում, բայց ներկայիս շրջանավարտների ճնշող մեծամասնության կրթական մակարդակն աղետալի է։ Այստեղից են գալիս ոչխարները, և որքան ժամանակ է անցնում՝ ավելի ու ավելի շատ: