Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքս կլինի այն մասին, որ պետք է կանգնեցնել մարդկության հիմարացումը»

Հոկտեմբեր 20,2022 13:00

Ռուսաստանաբնակ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, լուսանկարիչ Լեւոն Օսեպյանի բազմաճյուղ արվեստին սպասում են ոչ միայն Հայաստանում։ Ժամանակին մեզ հետ զրույցում արվեստագետին այսպես էր ներկայացրել գրականագետ, երջանկահիշատակ Ալեքսանդր Թոփչյանը. «Հանձին Լեւոնի հայ մշակույթը Ռուսաստանում իր արժանավոր տարածողն ու քարոզիչն ունի»։ Ափսոսանքով հավելել էր նաեւ, թե 1989թ. լույս տեսած նրա առաջին գրքին՝ «Այցելություն երկիր», թեեւ հաջորդել են «Ճիչ», «Հեռախոսային զանգ», «Իմ գողգոթան», «Պիեսներ» եւ այլ ժողովածուներ եւս, այնուամենայնիվ, Լեւոնը ավելի շատ ժամանակ է տրամադրում լուսանկարչությանը, քան գրչին։ Իսկ հեղինակի գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սլովակերեն եւ այլ լեզուներով, ընդ որում՝ որոշ ժողովածուներ վերահրատարակվել են։ Ինչ վերաբերում է լուսանկարչությանը, նա ոչ մեծ ինտերվալներով իր աշխատանքները ներկայացնում է ոչ միայն հայրենիքում, այլեւ արտասահմանում։

Օրերս էլ հերթական անգամ Հայաստանի գրողների միությունում Լեւոն Օսեպյանը դարձյալ ներկայացավ լուսանկարչական աշխատանքներով, բայց այս անգամ իր առաջին ծավալուն գիրք-ֆոտոալբոմով՝ «Հայկական աշխարհը Լեւոն Օսեպյանի ֆոտոդիմանկարներում», որտեղ ներկայացված են հիմնականում վերջին երկու տարվա աշխատանքները, ինչպես նաեւ տարբեր տարիների արված դիմանկարներ։ Մեզ հետ զրույցում արվեստագետը հայտնեց, որ 2021-ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում լուսանկարների ցուցադրություն է ունեցել «Արցախը՝ դեմքերով» խորագրով, հետո՝ Հայաստանի նկարիչների միության սրահներից մեկում եւ նույն ցուցադրությունը այս ամառ ներկայացրել է Ստավրոպոլում։ Հիմա էլ պատրաստվում է նույնը ցուցադրել Ռուսաստանի այլ քաղաքներում նույնպես, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներում։

Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ նա նշեց, որ Բաքվից հայերի տեղահանության օրերին հազիվ է հասցրել փրկել իր լուսանկարների հավաքածուի մի մասը, ինչը հետագա տարիներին համալրել է Մոսկվայում արված աշխատանքներով։ Մեր զրուցակցին փոխանցեցինք հայաստանցի գործընկերների՝ իր հասցեին ասվածը, թե Լեւոնն ապրում է Հայաստանից դուրս, բայց իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի ու Արցախի հասարակական, մշակութային կյանքի զարգացմանը եւ նրա միջոցով հայաստանյան որոշ մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանը, համալրվում են Մոսկվայում հրատարակվող հանդեսներով ու այլ հրատարակություններով։ Այս առիթով մեր զրուցակիցը նշեց, թե հայաստանցի գործընկերներն էլ աջակցում են իրեն՝ լուսանկարների ցուցահանդեսները, գրքերի շնորհանդեսները կազմակերպելիս, առանձնացնելով Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին։ Հավաստիացրեց, թե առաջիկայում պատրաստվում է ներկայանալ «Երեւան-Երեւան» խորագիրը կրող ու Ղարաբաղի մասին պատմող լուսանկարների հարուստ ցուցադրությամբ։

Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ արվեստագետը հայտնեց, որ իր վերջին գիրքը 2019թ. հրատարակված «Հիշելով երկրները եւ ընկերներին» ժողովածուն է, որտեղ, ինչպես նախորդ գործերում, հերոսը դարձյալ ժամանակակից մարդն է՝ միայնակ ու խոցելի, իր առօրյա ապրումներով։ Հարցին՝ Մոսկվայում գործող «Ղարաբաղի բարեկամներ» ասոցիացիայի անդամը չի՞ պատրաստվում թղթին հանձնել մերօրյա անհանգիստ աշխարհի անցուդարձը՝ քաղաքական վայրիվերումներով, պատերազմներով, հակամարտություններով, ինչից զերծ չենք հայերս, մանավանդ, ինչպես նշեց՝ իր հերոսը ժամանակակից մարդն է՝ միայնակ ու խոցելի, Լեւոն Օսեպյանը պատասխանեց. «Իհարկե, դեռ չեմ սկսել, բայց մտածում եմ, որ գիրքս կլինի այն մասին, որ պետք է կանգնեցնել մարդկության հիմարացումը, առաջին հերթին կանգնեցնել, այսպես կոչված` էլիտաների դեբիլացումը, որոնք իրենց հերթին խթանում են իրենց իսկ ժողովուրդների հիմարացումը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31