Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելորդ քաշ»-ի խնդիրը Body-positivity-ի շարժման համատեքստում

Հոկտեմբեր 20,2022 12:30

Մարմնում «ավելորդ քաշ»-ի գոյությունն այսօր առաջնային խնդիր է դարձել շատ մարդկանց համար: Body-positivity-ի գաղափարախոսությունը եկավ հաստատելու այն միտքը, որ «ավելորդ քաշ»-ի գոյությունը չի կարող խանգարել, որ մենք մեզ սիրենք այնպես, ինչպիսին կանք: Այս հարցը մեծ քննարկման առիթ հանդիսացավ սոցցանցերում: Շատերը կարծում են, որ Body-positivity-ի ակտիվիստները, «ավելորդ քաշ»-ի գոյությունը ժխտելով, կոծկում են իրենց ճարպակալումն ու ալարկոտությունը, իսկ շատերը հակառակ կարծիքի են, այսինքն՝ կարծում են, որ այս շարժումը նպաստում է, որ մենք մեզ սիրենք եւ ընդունենք մեզ՝ անգամ «ավելորդ քաշ»-ի գոյությամբ: Այսպիսի նմանօրինակ հարցեր փորձեցինք պարզել բժշկական տեսանկյունից՝ սննդաբան Սեդա Անդրիկյանի հետ:

– Body-positivity-ի հիմքում`«ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս» գաղափարախոսությունն է: Այս դեպքում որպես սննդաբան, ինչպե՞ս հասկանալ, թե որն է ավելորդ քաշի գոյությունը եւ դրա վտանգները:

– Պետք է «հոգեկան եւ ֆիզիկական առողջություն» եզրույթների հստակ տարանջատում ունենանք։ Հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը սերտորեն կապված են միմյանց եւ բալանսի մասին վկայում է մարդ-անհատի հոգեֆիզիկական լիարժեքությունը։ Այսօր, ըստ վիճակագրության, կարող ենք հստակորեն փաստել, որ ավելորդ քաշը ֆիզիկական անառողջության անկայուն վիճակի հիմնային պատճառներից է։ Եթե մենք խոսեինք մարմինը ընդունելու այլ ֆիզիկական խնդիրների մասին (չունի ձեռք, ոտք եւ այլ), որոնք դրսեւորվել են բնածին կամ էլ կյանքի ընթացքում այս կամ այն տրավմաների հետեւանքով՝ այո, այդտեղ իրավիճակն է թելադրում ցուցաբերել հարմարվողականություն, ընդունում սեփական մարմինը, հաշտություն սեփական մարմնակառուցվածքի հետ։ Բայց ավելորդ քաշի պարագայում թույլ տվեք մի փոքր չհամաձայնել. պետք է ընդունել ներկա իրավիճակը եւ փորձել փոխել դեպի առավելագույնը։ Ավելորդ քաշը իրենից ենթադրում է բազմաթիվ խնդիրներ՝ սիրտ-անոթային, ոսկրային, ողնաշարային, մկանային, աճառային, հորմոնալ… Այս շարքը թվելիս ես դժվարանում եմ ասել, որ հրաշալի է ավելորդ քաշի պայմաններում ունենալ հարմարում։ Գովազդային հոլովակները մեծ գիրություն ունեցող մարդկանց մասնակցությամբ միմիայն բիզնեսի մաս են։

– Երբեւէ աշխատե՞լ եք Body-positivity-ի մասնակիցների հետ:

– Երբեւէ չեմ աշխատել։ Իմ աշխատանքային էջում եւ իմ աշխատատեղի գովազդային էջում տեղադրված նյութերը կոնկրետ ուղղվածություն ունեն։ Ես թողնում եմ տեղեկատվություն սննդաբանության վերաբերյալ, իսկ հոգեբանական մասով աշխատում եմ սննդային վարքի խանգարումների եւ առհասարակ կախվածությունների հաղթահարմամբ։

– Նորաձեւության չափորոշիչները, գովազդային արշավները մարդկանց մոտ սահմանել են իդեալական չափ ե՛ւ կնոջ, ե՛ւ տղամարդու համար: Ձեր գործունեության ընթացքում արդյոք այցելուների մոտ նկատե՞լ եք իդեալական ստանդարտներ ունենալու միտում:

– Կարող եմ ասել՝ երկուստեք։ Այցելուների մի մասը հստակ գիտի, թե իրեն ինչ է պետք, ինչու է պետք, ունի ձգտում, սթափվել է, ամրացրել է կամքը եւ ամեն գնով ցանկանում է հասնել իդեալական արդյունքի։ Այցելուների մի մասն էլ ցանկանում է ունենալ քաշի իջեցում, բայց դժվարանում է հավատալ սեփական ուժերին։ Երկրորդ տարբերակում կցվում է հոգեբան։

– Body-positivity-ի հիմքում մարմնի դրական ընկալումն է. ըստ ձեզ` այս պահին մարմնի հանդեպ դրական վերաբերմունքը ավելացե՞լ է, թե՞ նվազել:

– Ես կներկայացնեմ տարածապես, այսինքն՝ մեր հասարակության, սոցիումի ընդհանրացված ընկալմամբ։ Մեզ մոտ մարմնի դրական ընկալում եզրույթը փոքր-ինչ խեղաթյուրված է։ Մարդ-անհատը ոչ թե դրական է ընկալում իր կառուցվածքային փոփոխված ծավալայնությունը, այլ դրսեւորում է հարմարվողականություն։ Թույլ է սեփական ուժերի, կարողությունների հանդեպ հավատը։ Եթե լիներ «իրական» դրական տրամադրվածություն, ապա անհատը, ընդունելով իրեն, իր կառուցվածքը, կցանկանար ձգտել ավելիին։ Հնարավորություն կտար իրեն փորձել այդ չափ սիրելի մարմինը փոփոխել դեպի կատարելություն։

– Հանրության մեջ կա վարկած, որ մարդու քաշը ի սկզբանե կապված է իր առողջության հետ. արդյո՞ք տվյալ վարկածը հավաստի է:

– Մեր օրերում առհասարակ հազվադեպ հանդիպող երեւույթ է լիարժեք, լիակատար առողջ մարդու հանդիպելը։ Մեր կյանքը սթրեսային է, սթրեսածին իրավիճակները մեզանից զատված չեն։ Հետեւաբար, եթե մարդը չունի ֆիզիկական խնդիր, ապա հոգեբանական մասում անկասկած ունենում է անհամաձայնություններ եւ հակառակը… Ավելորդ քաշի պարագայում՝ առավել եւս։ Քաշի ավելացման պատճառները բազմազան են։ Քաշը կարող է աճել բազում խնդիրների հետեւանքով եւ հակառակը, բազում խնդիրներ կարող են աճել քաշի բարձրացման հետեւանքով։

– Որպես սննդաբան, ի՞նչ եք կարծում, Body-positivity-ին օգնո՞ւմ է հասարակությանը հետեւել իրենց մարմնի քաշին, ձեւին, թե՞ ոչ:

– Ո՛չ, դա կարող ենք բնորոշել մեկ բառով՝ հարմարվողականություն (քաշի վերաբերյալ)։ Ավելորդ քաշի պարագայում բոդիպոզիտիվիտինը ճանապարհ է դեպի ծայրագույն ճարպակալում, իսկ ավելի բարդ դեպքերում՝ ֆիզիկական գոյության գիտակցված ավարտ։

– Հասարակությունում կա կարծիք, որ Body-positivity-ին նպաստում է անառողջ ապրելակերպին եւ ճարպակալմանը. արդյո՞ք նման բան ինքներդ նկատել եք շարժման շրջանակներում:

– Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա ինչ-որ տեղ մարդասիրության պակասից է։ Մարմնի դրական ընկալումը ի ծնե ֆիզիկական բարդ, անդառնալի դեպքերի պարագայում հրաշալի է։ Բայց դեպի ճարպակալում գնացող մարդուն չփորձել օգնել՝ տեսնելու իր հարմարվողականության «սեւ» կողմը, ինձ համար անընդունելի է։

– Ի վերջո` Body-positivity-ին վնասո՞ւմ է առողջությանը, թե՞ փոխլրացնում:

– Դա ժամանակավոր սպեղանի է։ Մարդը պետք է կարողանա ընդունել, ընկալել իրեն, սիրել իրեն, որ կարողանա գնալ լիակատարության։ Եթե այս կամ այն երեւույթը ժամանակի ընթացքում հանգեցնելու է անդառնալի հետեւանքների, ապա դա չի կարող լինել դրական, առավել եւս՝ փոխլրացնել առողջ ապրելակերպին։

Զրուցեց
Ստեֆանի ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31