Խորհրդարանական վերահսկողության արդյունավետության առանցքային գործիքներից է հարցապնդումների ինստիտուտը, որի միջոցով հնարավոր է կառավարությունից պահանջել եւ ստանալ խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից անհրաժեշտ տեղեկատվություն: Սակայն արդյո՞ք այդպես է:
Սահմանադրական դատարանն օրերս իր՝ հոկտեմբերի 11-ի որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական մշակույթի զարգացման ընթացքում հարցապնդման իրավական ինստիտուտը պատգամավորական հարցի իրավական ընթացակարգից վերածվել է էական իրավական հետեւանքներ առաջացնող խորհրդարանական վերահսկողության վճռորոշ ձեւի, որն առանձնանում է նախաձեռնող սուբյեկտով, հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունվելիք որոշումների այլընտրանքայնությամբ, դրանցից ամեն մեկի բովանդակության որոշակիությամբ, ինչպես նաեւ դրանց իրավական հետեւանքների բնույթով: Սահմանադրական դատարանը չնայած եզրահանգեց. «Վերահսկողության ձեւերի մշտական նվազագույն քանակական սահմանափակումները որոշակի իրավիճակներում կարող են վերանայվել, որպեսզի կոնկրետ իրավիճակում չխոչընդոտեն խորհրդարանական վերահսկողության արդյունավետ իրականացումը՝ խաթարելով խորհրդարանականության բուն էությունը», այնուամենայնիվ, որոշեց՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում էր Սահմանադրությանը:
Հոկտեմբերի 11-ին ՍԴ գրավոր ընթացակարգով քննված, ապա կայացված որոշման մասին տեղեկանում ենք հոկտեմբերի 14-ին դատարանի պաշտոնական կայքից:
ՍԴ նիստը նախագահողը տեղեկացրել է, որ այս գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը ներկայացնելու է Հատուկ կարծիք:
Կարդացեք նաև
Ըստ պատասխանողի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանի՝ Սահմանադրության 113-րդ հոդվածով ամրագրվել է խմբակցությունների իրավունքը՝ գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամներին, իսկ Սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով մանրամասնվել է այդ իրավունքի իրականացման ընթացակարգը, ուստի՝ անհիմն է դիմողի այն պնդումը, թե՝ «Սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթը սահմանափակել է խմբակցությունների՝ հարցապնդումներ ներկայացնելու իրավունքը»:
Դիմողը՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ` Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդեւանյանն էր:
Դիմողի գնահատմամբ՝ Սահմանադրությամբ Ազգային ժողովի խմբակցություններին վերապահված հարցապնդումների իրավունքը վիճարկվող կարգավորմամբ սահմանափակվել է. նախատեսված է նույն հերթական նստաշրջանի ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ կառավարության անդամներին հարցապնդմամբ դիմելու հնարավորություն։ Հետեւաբար, Սահմանադրական օրենքի վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված սահմանափակման իրավաչափությունը պետք է դիտարկել խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանի կողմից վերահսկողական հնարավորության արդյունավետ իրականացնելու համատեքստում: Ըստ դիմողի՝ Ազգային ժողովում վերահսկողության արդյունավետ գործիքների առկայությունը, առաջին հերթին, բխում է Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածով ամրագրված ժողովրդավարության սկզբունքից: Դիմողը նշել էր. «Հարցապնդումների իրավունքի քանակական սահմանափակումը պետք է ունենա լեգիտիմ նպատակ, իսկ այդ նպատակին հասնելու համար ընտրված միջոցը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ եւ համարժեք»:
Դիմումատուի գնահատմամբ` հարցապնդումներով դիմելու ինստիտուտը թույլ է տալիս խորհրդարանական ընդդիմությանը ոչ միայն բարձրաձայնել պետական եւ հասարակական կյանքի տեսանկյունից առավելապես կարեւոր հարցերը, այլեւ հենց Ազգային ժողովում համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի անմիջական մասնակցությամբ ստանալ այդ հարցերի պատասխանները, ինչպես նաեւ վերջնարդյունքում բարձրացնել կառավարության կոնկրետ անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Հետեւաբար, հարցապնդումների ընթացքում կառավարության ներկայացուցիչն ավելի քան պարտավորված է հստակ ու բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել Ազգային ժողովին իր հետագա պաշտոնավարումը կասկածի տակ չդնելու համար: Դիմողի կարծիքով՝ հետեւանքային այս տարբերության պատճառով հարցապնդումները խորհրդարանական վերահսկողության գործիքակազմում լրջագույն կռվաններից մեկն են, հատկապես՝ ընդդիմության համար: Դիմողն ընդգծել էր, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության տեքստի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ բոլոր այն դեպքերում, երբ սահմանադիրը նպատակ է ունեցել կոնկրետ ինստիտուտի կենսագործման կառուցակարգերի սահմանափակման հնարավորություններն օրենքին վերապահելու, այդ մասին ուղղակիորեն մատնանշել է Սահմանադրության դրույթներում: Դիմողի կարծիքով` «Սահմանադրության 113-րդ հոդվածը հարցապնդումներով հանդես գալու իրավունքի պարբերականության մասով որեւէ սահմանափակում չի նախատեսում, ինչպես նաեւ հարցի հետագա կարգավորումը չի վերապահում օրենքին, այսինքն, առկա չէ օրենքի վերապահումը, ինչը թույլ կտար Ազգային ժողովին հետագայում իր կանոնակարգով մանրամասնել հարցապնդումների պարբերականության հարցը»: Համեմատության համար նա նշել էր 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 80-րդ հոդվածով սահմանվածը. «Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով»: Իսկ, օրինակ, 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության տեքստի վերլուծությունը թույլ է տվել պնդել. «Բոլոր այն դեպքերում, երբ սահմանադիրը նպատակ է ունեցել կոնկրետ ինստիտուտի իրացման մեխանիզմների սահմանափակման հնարավորությունները օրենքին վերապահելու, այդ մասին ուղղակիորեն մատնանշել է սահմանադրական նորմում»:
Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»: Դիմողի կարծիքով՝ Սահմանադրության 113-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսել է բոլոր այն սահմանափակումները, որոնք սահմանադիրն անհրաժեշտ է համարել ժողովրդավարական հասարակության մեջ հարցապնդումների ինստիտուտի արդյունավետությունը երաշխավորելու համար. «Սահմանադրությամբ հարցապնդումների իրավունքը վերապահվում է միայն խմբակցությանը, այլ ոչ թե յուրաքանչյուր պատգամավորի կամ դրանց խմբի»: Հղում էր կատարվել միջազգային փաստաթղթերին, տարբեր երկրների սահմանադրություններին:
Թվարկված երկրների խորհրդարաններում որպես հարցապնդում ներկայացնելու պարտադիր նախապայման է դրված «որակյալ փոքրամասնության առկայությունը՝ անհրաժեշտ թվով պատգամավորների քանակական շեմը»՝ պնդելով, որ որեւէ այլ սահմանափակում հարցապնդում ներկայացնելու համար նախատեսված չէ: Դիմողի կարծիքով՝ ժողովրդավարական պետության մեջ հարցապնդումների իրավունքի քանակական սահմանափակումները չեն կարող հետապնդել որեւէ լեգիտիմ նպատակ եւ ոչ այլ ինչ են, քան պառլամենտական փոքրամասնության խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների արհեստական սահմանափակում:
Հասարակությանը հուզող հարցերը, որոնք կարող են դառնալ հարցապնդումների առարկա, չեն կարող սահմանափակվել միայն մեկ ոլորտով, ուստի՝ դիմողը որեւէ կերպ հիմնավորված եւ տրամաբանված չի համարում այն, որ հերթական նստաշրջանի ընթացքում մեկ խմբակցությունը հարցապնդումների իրավունքը մեկ անգամ կարող է կիրառել: Դիմողը գտնում է, որ սահմանադիրը հստակ արտահայտել է իր կամքը Սահմանադրության 113-րդ հոդվածի միջոցով, որի համեմատությունը մեկ այլ սահմանադրական դրույթի հետ՝ զետեղված Սահմանադրության 88-րդ հոդվածում, «ակնհայտ է դարձնում, որ վիճարկվող կարգավորումն ուղղակիորեն շեղվել է նաեւ հենց մատնանշված լեգիտիմ կամքից եւ արհեստականորեն խոչընդոտներ է ստեղծել նման կարեւոր ինստիտուտի իրացման համար: Սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը հակասում է Սահմանադրության 1-ին եւ 113-րդ հոդվածներին, ուստի ենթակա է անվավեր ճանաչման»:
Սահմանադրական դատարանը գտել է, որ խորհրդարանական վերահսկողության որոշակի ձեւերի, ներառյալ՝ հարցապնդման քանակական եւ այլ բնույթի սահմանափակումները նպատակամղված են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերում տարատեսակ լիազորությունների հետ կապված օրակարգային հարցերի քննարկման եւ լուծման ժամանակային հավասարակշռության, խորհրդարանի բազմաբնույթ գործառույթների կենսագործման համաչափության եւ, ի վերջո, բնականոն գործունեության ապահովմանը, ինչը որպես հետապնդվող իրավաչափ նպատակ՝ կոչված է նախադրյալներ ստեղծելու դրա իրավասության բոլոր տարրերի հավասարակշռված կենսագործման համար, եւ կարեւոր նշանակություն ունի խորհրդարանի իրավասության բոլոր տարրերը եւ դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող ընթացակարգերը Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ օրակարգով սահմանված ժամկետում արդյունավետ իրականացնելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.10.2022